Կո՞ղմ եք արդյոք Զվարթնոց օդանավակայանը անվանակոչվի ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անվան


Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։
Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ։
Հարգանքով՝
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի:

2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը:

Հ.Գ. Նիկոլա Ազնավուրն ընդամենը չի առարկել, ու ընտանիքի կարծիքն է ներկայացրել երկրպագուների առաջարկին։

(Visited 271 times, 1 visits today)