Կապանի զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայողը զանգահարել է տուն. ինչ է ասել տանեցիներին. մանրամասներ

 

Արդեն 2 օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած սկանդալային դեպքը:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ եզդի նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել և զրկել հացից, և նա, գտնվելով այդ ճնշումների տակ, փախուստի է դիմել զորամասից:

 

Այս տեղեկության հետ զուգահեռ այսօր արդեն սկսեց տարածվել մեկ այլ լուր, որում նույն զորամասում ծառայող զինվորը պատմում է, որ նման բան չի եղել և հենց Վլեն է իրեն սխալ պահել հրամանատարության առաջ, նա հրաժարվել է կարգի բերել իր ննջասենյակը և կրել զինվորական համազգեստը, վերջինս ճնշումների չի ենթարկվել:

 

Պարզաբանում ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նորակոչիկի տատիկի՝ Ռոզա Ֆերոյանի հետ, որը հերքեց իր թոռան զինակցի հայտնած լուրը:

Նա նշեց, որ եթե թոռը հրաժարվեր համազգեստ կրելուց և ծառայելուց, ապա առողջական խնդիր ունենալով ինքնակամ չէր գնա զինկոմիսարիատ և խնդրեր, որ իրեն հաշվառեն ծառայության. «Վլեն կրծքավանդակի հետ կապված առողջական խնդիր ունի, բայց ինքը չի նայել դրան, գնացել է Աշտարակի զինկոմիսարիատ և խնդրել, որ իրեն տանեն ծառայության:

 

Բացի սա, եթե ինքը չցանկանար ծառայել, ապա Ռուսաստանի Դաշնությունից չէր վերադառնա հայրենիք՝ ծառայելու նպատակով»,- նշեց զորամասը լքած զինծառայողի տատը:

Վերջինս իր համոզմունքը հայտնեց, որ այն զինվորին, որը հերքել է իր թոռան հետ կատարվածը, ստիպել են, որ զանգահարի և այլ պատմություն պատմի. «Պարզից էլ պարզ է, իրեն սովորեցրել են, որ նման բաներ ասի, իր ասածները իրականությանը չեն համապատասխանում»,- պատմեց Ռոզա Ֆերոյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք գիտեն որտեղ է գտնվում այս պահին Վլեն, կապի դուրս եկե՞լ է նրանց հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօր նոր մեզ հետ կապի է դուրս եկել՝ 2 ժամ առաջ, ասաց, թե որտեղ է գտնվում և նշեց, որ շուտով կգա Երևան՝ հանձնվելու:

 

Վլեն միայն մեկ բան ասաց, որ այդ զորամասում ոչ մի դեպքում զինծառայությունը չի շարունակի, յուրաքանչյուր զորամաս կգնա, բացի Կապանի զորամասից»,- ընդգծեց Ռոզա Ֆերոյանը:

 

(Visited 47 times, 1 visits today)