Կանանց միջազգային օրվա նախապատմությունը


Կանանց միջազգային օրը, որի սկզբնական անվանումը եղել է Աշխատավոր կանանց միջազգային օրը, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։ 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ին Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը։
1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի 8-ին Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին: Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն։

(Visited 36 times, 1 visits today)