Լուրջ ֆինանսական խրախուսումներ չեմպիոնների համար. հաստատվեց որոշումը

Գործադիրի որոշմամբ կպարգևատրվի 2019 թվականին լավագույնը ճանաչված 10 մարզիկ. այդ նպատակով գումար կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևների հանձնման արարողություն՝ յուրաքանչյուրին հատկացնելով 5 միլիոն դրամ:

Լավագույն մարզիկներն են՝ Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյանը (ծանրամարտ), Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Սլավիկ Գասպարյանը (hունահռոմեական ըմբշամարտ ), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արսեն Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ): Հաշվի առնելով, որ տարին օլիմպիական է և սկսած փետրվարի 23-ից մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների, 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ մարզիկներին ոգեշնչելու, խրախուսելու և մեծարելու համար նպատակահարմար է գտնվել կազմակերպել և անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգևատրման երեկո, որը տեղի կունենա փետրվարի 21–ին՝ ՀՀ նախագաի նստավայրում:

«Մրցույթն անցկացվել է նախորդ տարի: Մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց 10 լավագույն մարզիկներին խրախուսենք՝ յուրաքանչյուրին 5-ական մլն դրամով: Սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին, հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին», -ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշվել է ամեն տարի այս գումարն արտացոլել բյուջեում ՝ լավագույն 10 մարզիկի պարգևատրելո նպատակով:

Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ բացի այդ օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնողը կստանա 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 15 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 10 մլն դրամ: «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս տարի մարզիկներին ամենամսյա և մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օրիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի և կդառնա 200 հազար դրամ»,- ասել է նախարարը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի: «Սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետության մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ, ես առաջարկել եմ կետ ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետության մինչև 2050թ. պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը, մինչև 2050թ. պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա ոչ միայն քաղաքական և սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է: «Երբ ես այդպիսի պնդումներ եմ անում, շատերը դա կասկածի տակ են դնում: Մի քանի օր առաջ, ես հեռուստատեսությամբ դիտում էի Արարատ 73-ի մասին մի հաղորդում՝ «Արարատ 73»-ի հաղթական շրջանի մասին ֆիլմ, և այնտեղ հետաքրքիր մի վկայության ականատես եղա: Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը, մի քննարկման և խորհրդակցության ժամանակ ասել է՝ այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է: Այսինքն՝ այս երկու փաստերն իրար հետ ուղիղ կապ ունեն: Մենք անընդհատ խոսում ենք աշխատանքի արտադրողականության աճի մասին, իհարկե, այստեղ կա՝ կրթական կոմպոնենտ, հմտության կոմպոնենտ, բայց այստեղ կա նաև հոգեբանության և տրամադրության կոմպոնենտ: Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և երկրի զարգացման քաղաքականության համատեքստում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Կարեն Դեմիրճյանն այդ մասին մի քանի անգամ արտահայտվել է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ոչ թե մեկանգամյա, այլ երկարաժամկետ ռազմավարական որոշում է՝ օլիմպիական հավաքականին ու սպորտին աջակցելու նպատակով: Վարչապետն առաջարկել է մշակել մեթոդաբանություն ու հաշվարկել, թե օրինակ օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում տուրիստների հոսքը մեր երկիր: «Չկա այդպիսի մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում: Տնտեսության զարգացումը պետք է բերի սպորտի զարգացում, իսկ սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, նշանն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,-նշել է կառավարության ղեկավարը:

(Visited 38 times, 1 visits today)