Իրեն չկերակրելու շուրջ վիճել է կնոջ հետ և ոտքերով ու աթոռով հարվածելով՝ սպանել նրան

Ֆ. Հ.-ն 2021 թվականի հունիսի 26-ին գիշերը, Գյումրիում գտնվող իր բնակարանի ննջասենյակում կնոջ՝ Վ. Գ.-ի հետ վիճել է՝ վերջինիս կողմից իրեն չկերակրելու հարցի շուրջ: Առաջացած վիճաբանության ընթացքում Ֆ. Հ.-ն ձեռքերով, ոտքերով և աթոռով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով կինը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքի վայրից Վ. Գ.-ն, մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ սալջարդներով (դեմքի և աջ ստորկզակային շրջան, ձախ թոք), արյունազեղումներով (դեմքի և գլխի, գլխի փափուկ հյուսվածքների տակ և զույգ քունքամկանների, նրբենու, ուղեղանյութի և փորոքների, կրծքավանդակի առաջային մակերեսի մաշկի և փափուկ հյուսվածքների, պարանոցի ձախ կողմնային մակերեսի, աջ վերին վերջույթի) և կոտրվածքներով (դիմային գանգի բազմաբեկորային, երկկողմանի կողերի), շտապ օգնության ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի նոյեմբերի 9-ին և մակագրվել է Շիրակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին:

Ֆ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 54 times, 1 visits today)