Ինչ պատճառներով է 311 մարդ զրկվել վարորդական իրավունքից. վարչապետը՝ բալային համակարգի մասին (տեսանյութ

«311 վարորդ այս պահին զրկվել է վարորդական իրավունքից՝ խիստ, կոպիտ խախտումների համար: Այսինքն՝ մենք ասում ենք, որ եթե հանրային վտանգավոր արարքներ եք անում, ոչ թե գումար կվճարեք տուգանքի տեսքով ու նորից կվարեք, այլ կզրկվեք մեքենա վարելու իրավունքից»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով բալային համակարգից՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասնելով նա նշեց.

«27 հոգի զրկվել է առանց համարանիշի վարելու պատճառով, սա արվում է միանգամից, եթե հայտնաբերվեց առանց պետհամարանիշի մեքենա վարող վարորդ, օրենքը խիստ է: 17 մարդ զրկվել է երկրորդ անգամ ոչ սթափ վարելու պատճառով. 2 անգամ մարդը խմած չի կարող մեքենա վարել, 6 հոգի՝ սթափության վիճակի քննությունից խուսափելու համար, 115 հոգի ունեցել է 0,5 մգ խմածության աստիճան, դա մոտ կես շիշ օղի է»:

Վարչապետը ներկայացրեց նաեւ մի քանի այլ դեպքեր, որոնց պատճառով վարորդները զրկվել են վարորդական իրավունքի վկայականից՝ հավելելով, որ 77 հոգի ոչ միայն զրկվել է մեքենա վարելու իրավունքից, այլ նրանց նկատմամբ գործ է հարուցվել: Սրանք մեծ մասամբ դեպքեր են, երբ մարդը վարորդական իրավունք չունի եւ մեքենա է վարում:

«Բալային համակարգին վերադառնալով՝ ես ուզում եմ ասել, որ բալային համակարգի ներդրումից սկսած՝ դեռ ոչ ոք վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի պատճառով: Երբեմն հարցեր են լինում, որ ասում են՝ մանր-մունր խախտումների պատճառով մարդիկ կզրկվեն վարորդական իրավունքի վկայականից, խոսքը 9 ընդհանուր բալի մասին է: Մենք կուսումնասիրենք, կքննարկենք եւ որոշումներ կկայացնենք այս համակարգի հետագա կատարելագործման կապակցությամբ:

Ես կարծում եմ՝ ներկայացրածս թվերից ոչ ոք առանց հիմնավորման եւ լուրջ պատճառի չի զրկվել վարորդական իրավունքից: Բալային համակարգի արդյունքները մենք կտեսնենք ապրիլի վերջին միայն»,- եզրափակեց վարչապետը:

(Visited 31 times, 1 visits today)