Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն


Իրավաբան.net կայքը տեղեկացնում է, որ «Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։
Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, որի չափը կազմում է 25000 ՀՀ դրամ: Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։
1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:
3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:
4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

(Visited 38 times, 1 visits today)