Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ասել՝ գինն իջեցրեք կամ գինը բարձրացրեք. ՏՄՊՊՀ նախագահ

«Ձվի գնի բարձրացումը համաշխարհային գնաճի հետ է կապվում, որովհետև ձու ածող հավի կերը ներմուծվում է արտասահմանից, ՀՀ-ում չի արտադրվում. դա փաստ է: Թռչնաբույծները ներկրում են հավի կերը, որը ամբողջ աշխարհում թանկացել է, կապված COVID-19-ի հետ, բայց դա չի նշանակում, որ թվի գնի այսչափ բարձրացումը մենք համաչափ ենք համարում: Այդ իսկ պատճառով սկսել ենք վարույթ հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով, կարող է դիտարկվել արհեստական դեֆիցիտի ստեղծման փորձ, կարող է դիտարկվել գների բարձրացում պայմանավորվածության արդյունքում կամ կարող է դիտարկվել գերիշխող սուբյեկտների կողմից գնի բարձրացում»,-այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը. «Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ասել՝ գինն իջեցրեք կամ գինը բարձրացրեք, մեր գործառույթն օրենքով սահմանված հետևյալն է. երբ որ կա չարաշահում վարույթ հարուցել, վարույթն իրականացնող վարչարարության սկզբունքներով համաչափության սկզբունքը պետք է պահպանվի և վերջիններիս իրավունքները ևս պետք է պաշտպանվեն: Հաշվի առնելով նաև Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունները՝ մենք գործողություններ ենք իրականացնելու, որոնք չեն համարվում մեր մարմնի համար ստանդարտ, և՛ ցանցերի հետ ենք քննարկում ունեցել, և՛ ձու արտադրողների հետ»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ եթե հաստատվի իրենց վարկածներից մեկը ձու արտադրող ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն: Նա նաև նշեց, որ  ՏՄՊՊՀ-ն գների կարգավորմամբ չեն զբաղվում:

(Visited 93 times, 1 visits today)