Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան

Հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների: Այս ճանապարհը, որն անցնում ենք, ինստիտուտների կայացման ճանապարհ է: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ին կայացվեց ինստիտուտներից ամենակարևորի՝ քաղաքացու ինստիտուտի հաղթանակը: Հաջորդ փուլում Հայաստանի Հանրապետությունում կայացավ, վերահաստատվեց ընտրական ինստիտուտը, մենք փակեցինք կեղծիքների ինստիտուտը, հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը որպես ինստիտուտ, և հաջորդ փուլում կայացավ Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ընտրեց Կառավարություն և վարչապետ: Եվ եկել է դատական համակարգի կայացման փուլը, Սահմանադրական դատարանը կայացնելու որպես ինստիտուտ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ գործող Սահմանադրական դատարանը, ըստ նրա, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և վայելում է ժողովրդի բացարձակ մեծամասնության անվստահությունը:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ԱՅՈ-ի շտաբն առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ է սկսելու, և ինքն անձամբ էլ ակտիվ քարոզչական հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի բոլոր քաղաքներում:

«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով ԱՅՈ-ն կհաղթի, դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց անկախ արդյունքներից՝ հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- եզրափակեց վարչապետը:

(Visited 52 times, 1 visits today)