«Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ»․ վարչապետի խոսնակի արձագանքը

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:
Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների:

Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»:

(Visited 28 times, 1 visits today)