Արցախում թայֆայով հավաքվել են, ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը և այլոք

Image result for Վահան Բադասյան

«Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում եւ հավաքել է իր թիմակիցներին, ավելի շուտ՝ ոչ թե թիմակիցներին, այլ մաֆիային. դա թայֆա է, երկրակործան թայֆա: Վիտալի Բալասանյանը երկար ժամանակով նրանցից անջատվել էր, եւ ինքը, մեծ ջանքեր գործադրելով, միացավ 2016 թվականի այդ թայֆային եւ սկսեց սպասարկել նրանց: Ցավալի է, բայց փաստ է: Այդ բոլոր մարդիկ, այդ թայֆայի բոլոր անդամները թող նայեն իրենց կենսագրությանը, թող նայեն իրենց գործունեությանը եւ տեսնեն՝ ով է մինչեւ հիմա կործանել Հայաստանը»,- մեր զրույցում ասաց Բադասյանը:

Հարցին՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ոգեշնչվա՞ծ է Բալասանյանը նման հայտարարություններ արել, Բադասյանը պատասխանեց. «Իհարկե, ոգի ստանալով՝ արդեն արել է այդ հայտարարությունները»:

Արցախի ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ Սերժ Սարգսյանի թիմը փորձում է ճշտել իր անելիքները, մարտավարությունը 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, հասկանալ, թե ում են առաջադրելու, ում են ընտրելու:

«Հայաստանի իշխանություններին մնում է ճիշտ գործել եւ ճշմարիտ որոշում կայացնել: Օրինակ՝ օգոստոսի 5-ի Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը շատ տեղին էր եւ շատ լավ ընդունվեց արցախցիների կողմից, եւ ամեն մի քաղաքական ուժ իր տեղը գտավ: Նման հայտարարություններ ՀՀ իշխանությունները պետք է հաճախակի անեն: Բայց պետք է նշեմ, որ հավիտյանս փակված է հին իշխանությունների վերադարձի ճանապարհը»,- հավելեց Վահան Բադասյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին եւ «Սասնա ծռեր»-ին ուղղված ֆիզիկական ոչնչացման սպառնալիքին՝ Բադասյանը կոչ արեց հումորով վերաբերել դրան: «Ֆեյսբուք»-ում ժողովուրդը ո՞նց է հումորով վերաբերում, դուք էլ հումորով վերաբերեք: Ես դա անհեթեթություն եմ համարում: Ես այդ խոսքը հասկացել եմ այսպես. որ եթե մեկ անգամ էլ իրենք իշխանություն վերցնեն եւ «Սասնա ծռեր»-ը նորից ՊՊԾ-ն գրավեն, իրենք էս անգամ սպանելու են: Դրա համար ասում եմ՝ երբեմն կարելի է նաեւ հումորով վերաբերել, որովհետեւ ինչպե՞ս կարող են նրանք նորից իշխանություն վերցնել, ինչպե՞ս կարող են «Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գրավել…: Իսկ եթե ինչ-որ մեկն սպառնում է, ոչ ոք թող իրեն չնույնացնի Արցախի ժողովրդի հետ»:

(Visited 436 times, 1 visits today)