Անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանի տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են

Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն «Ֆեյսբուք»-ի էջում գրել է.

«2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:

ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:

Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

(Visited 174 times, 1 visits today)