Ադրբեջանի ԱԳՆ-ի նյшրդային արձшգանքը ՀՀ ԱԳՆ-ի հшյտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը խստորեն դատապարտել էր փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը, որը վերաբերում էր Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծմանը:

 

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի, էկոցիդի» մեջ։ «Հայաստանը 30 տարի «ռազմական օկուպացիայի» տակ է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը, 9 ադրբեջանական քաղաք ու հարյուրավոր գյուղեր է երկրի երեսից ջնջել։ Այդ շրջանների պատմական, մշակութային ու կրոնական հուշարձանները ոչնչացվել ու թալանվել են։

Տասնամյակների ընթացքում Հայաստանը խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին՝ թաքցնելու իր կողմից իրականացված ավերվածությունները։ Միաժամանակ, Հայաստանը ամբողջովին ոչնչացրել է իր տարածքի ադրբեջանական ժառանգությունը»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նշել է, որ Երևանը փորձում է «կեղծ հայտարարություններով թաքցնել իր իսկ անօրինական գործողությունները»։

Անբուլլաևան կրկին իրականության հետ աղերս չունեցող ադրբեջանական թեզն է ներկայացրել, թե «ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը խտրականություն չի դնում իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ կրոնական և էթնիկական հողի վրա։ Ադրբեջանն ամբողջ աշխարհում հանդուրժողականության և մշակութային բազմազանության օրինակ է»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Հայաստանի ԱԳՆ-ին «խորհուրդ է տվել հրաժարվել, իբր, կեղծ ու զրպարտչական հայտարարություններից»։

Հատկանշանական է, որ իր բոցաշունչ խոսքում Աբդուլլաևան այդպես էլ չի անդրադարձել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի՝ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ու յուրացնելու հայտարարություններին ու կեղծիքի մեջ մեղադրել հայկական կողմին։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։

«Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել էր Քերիմովը։

(Visited 36 times, 1 visits today)