Նախկինների վերջին բաստիոնը

Հանրաքվեի քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընդդիմադիր ուժերն աղմուկ են բարձրացրել, թե տեսեք, Փաշինյանը երկու լուսանկար  էհրապարակել, քանդուքարափ ճանապարհի նկարի վրա գրված է « ոչ», ասֆալտապատ ճանապարհի վրա՝ «այո», ախր ի՞նչ կապ ունեն ճանապարհները հանրաքվեի դրված հարցի հետ, եւ այլն: Ընդ որում՝ այդ նույն ընդդիմադիր ուժերն ամեն առիթով հայտարարում են, թե հանրաքվեն պետք է օգտագործել որպես գործող իշխանություններին անվստահություն հայտնելու հնարավորություն: Այսինքն՝  հենց իրենք են մի կողմ դնում հանրաքվեի կոնկրետ բովանդակությունն ու դրան մոտենում «սեւ ու սպիտակի» տրամաբանությամբ, բայց դժգոհում են, որ իշխանությունները նույնպես հանրաքվեն ընկալում են որպես հանրային հսկայական աջակցության վերահաստատման հնարավորություն:

Իսկ եթե հարցին մոտենանք իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակի տրամաբանությամբ, ապա այո, ոչ միայն Հայաստանում իրականացված աննախադեպ ծավալի ճանապարհաշինությունն անմիջական կապ ունի հանրաքվեի հետ, այլեւ ընդհանրապես հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած բոլոր դրական տեղաշարժերը: Ընդ որում՝ այնպես չէ, որ նախկինների օրոք Հայաստանում որեւէ ճանապարհ չի նորոգվել կամ ընդհանրապես շինարարություն չի իրականացվել: Իհարկե իրականացվել է, բայց՝ շատ ավելի փոքր ծավալներով, ու կոռուպցիոն համակարգն էլ այդ ամենն ընկալել է որպես «կթու կով» ու «քերել»՝ ինչքան պետք է եղել (ապացույց՝ հարուցված քրեական գործերը): Հենց նախկինների օրոք են տարբեր տրամաչափի պաշտոնյաները միլիարդներ կուտակել ու հիմա չարախնդում են, թե « էս չե՞ք, արա, էդքան խոսում եք, բայց եղած-չեղած՝ 105 միլիոն դոլար եք հետ բերել»:

Այո, 20 տարի շարունակ երկիրը թալանվել է, ու այդ ընթացքում պաշտոնավարած գրեթե բոլոր «պետական այրերը» դոլարային միլիոնատերեր են՝ անկախ նրանից, հնարավո՞ր է դա փաստերով ապացուցել, թե՞ «թղթերով ամեն ինչ կարգին է»:  Ընդ որում՝ մեծ ցանկություն կար այդ 20 տարիները երկարաձգել անորոշ ժամանակով, ու այսօր որպես  «օրինականության վերջին բաստիոն» ներկայացող Հրայր Թովմասյանը հաճույքով ստանձնեց այդ գործը եւ այնպիսի Սահմանադրություն գրեց, որը Սերժ Սարգսյանին տալիս էր այդ հնարավորությունը: Ճիշտ է, նա իրենից անկախ պատճառներով չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանից Հրայր Թովմասյանի մատուցած ծառայության էությունը չի փոխվում: Ու նաեւ այնպես չէ, որ այդ ամենն անցյալում է մնացել, եւ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն այլեւս նախկիններին որեւէ բանով չի կարող օգնել: Լավ էլ կարող է ու ինքն էլ կարծես թե առանձնապես դեմ չէ: Օրինակ՝ եթե իշխանությունները նախկինում պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծեն, Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը միշտ էլ կարող է ինչ-ինչ պատճառաբանություններով այդ մեխանիզմները ճանաչել հակասահմանադրական ու դրանով իսկ անգնահատելի ծառայություն մատուցել նախկիններին: Նույն կերպ կարող է խոչընդոտել, ասենք, որ բացահայտվեն ազգային հարստությունը շահագործող բիզնեսների իրական սեփականատերերը, ու կստացվի, որ անցյալում ինչ եղել՝ եղել է, ով ինչքան թալանել՝ թալանել է, հիմա թող հանգիստ վայելեն այդ միլիարդները, քարոզչամիջոցներ ֆինանսավորեն, վարձկաններ հավաքագրեն ու բողոքի ակցիաներ կազմակերպեն…

Պարզ ասած՝ ոչ թե Սահմանադրական դատարանն է «արդարադատության վերջին բաստիոնը» այլ Հրայր Թովմասյանն է այն խրամատում, որը պաշտպանում է նախկինների՝ կուտակած հսկայական հարստությունն իշխանությունների դեմ օգտագործելու իրավունքն ու հնարավորությունը:

(Visited 47 times, 1 visits today)