Նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 7-12 տարի ժամկետով. Դանիբեկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։

 

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», — նշվում է մեղադրանքի մեջ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։

«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», — ասաց պաշտպանը

(Visited 57 times, 1 visits today)