Հանրային հեռուստաընկերության արդարացումները չեն ընդունվել. Վարչապետի խոսնակը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության պատասխանատուների արդարացումներին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի փորձնական կադրերի արտահոսքը տեղի չի ունեցել Հ1-ից, քանզի այդ կադրերին հասանելիություն են ունեցել հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները:

Խոսնակի պատասխանում մասնավորապես նշվում է. «Հարգելի գործընկերներ,

Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։

Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»:

Նշենք, որ ավելի վաղ Հանրայինը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ տալով` արդարացել էր, թե կադրերի արտահոսքը չի եղել Հ1-ից, քանզի հեռուստաընկերությունը վարչապետի աշխատակազմի հորդորով բաց կապուղիով վարչապետի ուղիղ խոսքի հասանելություն է տրամադրել հայաստանյան բոլոր հեռուստաընկերություններին:

Հիշեցնենք, որ համացանցում էին հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից առաջ նկարահանած փորձնական կադրերը, որոնցում վարչապետը հազում էր, դեղ էր խմում, ուղղակի զրուցում էր Հանրայինի աշխատակիցներիկ հետ: Տեսանյութը ապա մոնտաժվել էր «ռաբիս» ոճի կատարող Թաթուլ Ավոյանի երգերից մեկի հնչյուններով:

(Visited 54 times, 1 visits today)