Ժպիտներ բաժանող դերասան Արմեն Խոստիկյանը այսօր կդառնար 91 տարեկան


Այսօր կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու Արմեն խոստիկյանի ծննդյան օրն է: Մեծանուն դերասանը ծնվել է 1929 թվականի մայիսի 22-ին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1951 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:
1981 թվականին Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Նրա մասնակցությամբ հիշարժան ֆիլմերից են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները»  և այլ ֆիլմեր։
Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։ 1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թվականին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Կյանքից հեռացել է 2003 թվականի հուլիսի 22-ին Երևանում:
«Զահրումար, դավաճան հայվան» արտահայտությունը Արմեն Խոստիկյանի կատարմամբ դարձել է թևավոր արտահայտություն:

(Visited 95 times, 1 visits today)