Միշիկ լայվի 3-րդ սեզոնը բացված է

Արդյոք Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՞ ոչ. պատասխանն անսպասելի է՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հայաստանում ձեւավորվել է երկու խումբ։ Խումբ 1՝ դա մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ապրում էին վատ կամ միջին վատ, կամ միջին լավ, մի խոսքով՝ ոչ լավ, բայց հիմա ապրում են շատ-շատ լավ ժողովրդի հաշվին, խումբ 2՝ դա ժողովուրդն է, որը անցյալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ եւ ամեն շաբաթ ապրում է եւ ապրելու է ավելի վատ։ Այսօր խոսելու ենք առաջին թեմայի մասին»,– ասել է նա։

Այդ խումբը, ըստ Մինասյանի, գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը եւ քիչ քանակությամբ մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից եւ ապրում են ժողովրդի հաշվին։

«Եվ այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները։ Բերեմ օրինակը հարեւան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, որը համարվում էր պոպուլիստ։ Միխայիլ Սաակաշվիլին իր իշխանության առաջին իսկ օրվանից ասաց՝ ես մերժում եմ բոլոր այն առավելությունները, որոնք ունեին նախորդ իշխանությունները, կտրում եմ բոլոր կապերը, չեմ ուզում նմանվել եւ դրա համար, օրինակ, չգնաց եւ չապրեց ոչ մի օր պետական ամառանոցում, չօգտվեց լիքը առավելություններից, օրինակ, իր կինը վարում էր մեքենա եւ չուներ թիկնապահ, իր երեխաները ապրում էին սովորական կյանքով, փորձում էր ճամփորդել սովորական ինքնաթիռով՝  էկոնոմ դասով եւ այլն։ Ամենակարեւորը՝ Միխայիլ Սաակաշվիլին ասպես կոչված Վարդերի հեղափոխությունից հետո չնմանվեց այն իշխանություններին, որոնց դեմ նա արեց հեղափոխությունը։

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը առաջին իսկ օրվանից ոչ միայն սկսեց օգտվել ամբողջ փաթեթից, այլ նաեւ այդ փաթեթը ավելացրեց։

Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ չսպասելով, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես ինքնամոռաց մտավ այսպես կոչված դաչաները, սկսեց լայվով ցույց տալ՝ այստեղ ես ապրելու եմ, այստեղ ես ուտելու եմ, ժողովուրդ ջան, այստեղ ես լողանալու եմ, սա, փաստորեն, իմ ամառանոցն է։ Այնուհետեւ, երբ Սերժ Սարգսյանը վերջապես լքեց, որովհետեւ այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը ինչ-որ անիմաստ ասեկոսեների մեջ՝ արդյոք ինքը հանդիպում է,  թե չի հանդիպում, լքելուց հետո Նիկոլ Փաշինյանը արեց ոչ պոպուլիստական քայլ 2՝ ծախսեց 2 միլիոն դոլար եւ վերանորոգեց մի առանձնատուն, որը վստահեցում եմ ձեզ, քանի որ այդ տանը հասկանալի պատճառներով եղել եմ, կարիք չուներ միլիոնավոր դոլարների վերանորոգման, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ իր կյանքի որակը պետք է շատ անգամ ավելի բարձր լինի, քան Սերժ Սարգսյանինը, որովհետեւ ինքը ուներ վաղեմի երազանք։ Իր երեք հիմնական երազանքներից մեկն էր ապրել Գագիկ Ծառուկյանից լավ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում միայն կայացած եւ շատ հարուստ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ այն կյանքի որակը, որ ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ես չգիտեմ՝ ուրիշ մարդ կա՞, որ կարող է ուղղաթիռով գնալ իր տղային տեսնելու նպատակով Ղարաբաղ, ուրիշ մարդ կա, որ կարող է մի անհասկանալի հանդիպման համար մի ամբողջ ինքնաթիռ վարձակալել եւ գնա Ամերիկա։ Իսկական պոպուլիստը կգնար էկոնոմ կլասով»,– ասաց Միքայել Մինասյանը։

«Նիկոլ Փաշինյանը, օրինակ, գնեց ավելի քան 600-700 հազար դոլարով ավտոմեքենաներ իր եւ ընտանիքի համար, ավելացրեց ավտոշարասյուները։ Այդպիսի քանակ, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի անվտանգությունը, վստահեցնում եմ, երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության 30 տարվա ընթացքում։ Դա բացարձակ ոչ մի աղերս չունի պոպուլիզմի հետ։ Պոպուլիստը չէր վերցնի սեփական կնոջը (ողջունում եմ այդ ցանկությունը) աշխարհը պտտելու եւ տեսնելու, օրինակ, Միլանի Լա Սկալան, Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Դա արվում է ժողովրդի հաշվին եւ ծախսելով հարյուր հազարավոր դոլարներ, որովհետեւ ամբողջ իտալական վոյաժից մնաց երկու փաստ․ ծախսվեց աներեւակայելի գումար անիմաստ եւ կարողացավ կռվել Սենատի նախագահի հետ եւ այնտեղից հայտարարեց, որ Միքայել Մինասյանը փաստորեն վատիկանյան պադվալներում է։ Ի դեպ՝ դա կարող էին անել իրենց ամառանոցից կամ Սեւանի ամառանոցից, ես չէի նեղանա, կհասկանայի։ Բացարձակ պոպուլիզմի հետ աղերս չունեն միլիարդավոր պարգեւավճարները։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պետության եւ ժողովրդի հաշվին ապրում է օլիգարխի պես»,– ասաց նա։

Պոպուլիզմ ու թալան. պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը

Опубликовано Mikayel Minasyan Вторник, 12 мая 2020 г.

(Visited 270 times, 1 visits today)