Մարդիկ գումարը պահում են գրպանում, որ տաք լինի կամ ներդնեն բիզնեսի մեջ. վարչապետը՝ կոմունալ ճգնաժամի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց, թե ինչու է Հայաստանում այս պահին կոմունալ ճգնաժամ: Ըստ վարչապետի՝ երբ իրենք հայտարարեցին, որ մարդիկ կարող են չվճարել կոմունալ վճարումները, քանի որ անջատումներ չեն լինի, այդ որոշումից օգտվեցին մարդիկ, ու 80 հազար եւ ավելի դրամի գազ, լույս օգտագործած մարդիկ պարզապես չվճարեցին կոմունալները, անգամ այն պարագայում, երբ ունեին հնարավորություն:

«Այս պարագան շատ բանի մասին է խոսում: Այն հայտարարության արդյունքում, որ չենք անջատի՝ հաշվի առնելով իրավիճակն ու սոցիալական վիճակը, եղել է սպեկուլյատիվ մի բան, ասել են՝ հա դե, չենք վճարի, միեւնույն է, չեն անջատի: Կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք ունեն հնարավորություն վճարելու եւ չեն վճարում, այդ մարդիկ գումարը պահում են գրպանում, որ տաք լինի կամ փորձում են ներդնել իրենց բիզնեսի մեջ: Երբ մենք ասել ենք՝ մի վճարեք կոմունալները, նկատի ենք ունեցել փոքր ժամանակահատված: Այժմյան հաշվարկներով՝ մինչեւ հաջորդ տարվա մարտ առնվազն մեր երկիրը գտնվելու է տնտեսական ճգնաժամի մեջ: Եթե մենք ասենք՝ մի վճարեք կոմունալները մինչեւ մարտ, կնշանակի՝ երկիրը կանգնեցնել էներգետիկ ճգնաժամի առաջ:

Մենք գիտենք մարդկանց մի խմբի, որոնք իսկապես կարիքավոր են եւ ի վիճակի չեն վճարել կումանալները, հարց ունենք՝ գտնել էլի նման մարդկանց, որոնք իսկապես ի վիճակի չեն: Այս չվճարումների արդյունքում էլեկտրական ցանցերը փակել են բնակչության պարտքերը, սա նշանակում է՝ այդ ոլորտում աշխատող հազարավոր մարդիկ չեն կարող աշխատավարձ ստանալ, սա եւս մեկ սոցիալական խումբ է ստեղծում: Այդ մարդիկ էլ, իրենց հերթին աշխատավարձ ստանալով, հարկեր են վճարում, որով նշանակվում են նպաստները եւ այլն:

Բոլոր հակաճգնաժամային միջոցառումների նպատական այն է, որ օգնենք իսկապես օգնության կարիք ունեցողներին, սակայն մեր այս՝ նաեւ էմոցիոնալ որոշումներից օգտվում են մարդիկ, որոնք բացարձակ այդ օգնության կարիքը չունեն: Ասում են՝ դե լավ, մի միլիոնի հոսանք ունեմ վճարելու, չվճարեմ, տանեմ դնեմ գործի մեջ:

Ես գիտեմ, որ այս իրավիճակը բնակիչներին բարկացնում է: Այն ժամանակ մարտն էր, եւ մենք չգիտեինք, որ արտակարգ դրությունը երկարացնելու ենք, հիմա ասում եմ՝ պատրաստվեք, որ մինչեւ հաջորդ տարի մենք տնտեսական ճգնաժամի մեջ ենք գտնվելու, եւ եթե կոմունալները չվճարենք, տնտեսական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»,-եզրափակեց վարչապետը:

(Visited 32 times, 1 visits today)