Հ1-ում պաշտոնանկություններին հաջորդել են ուշագրավ նշանակումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը այդ միջադեպից հետո` երեկ, ստիպված եղավ հրաժարական տալ։ «Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը»,— ասված է հայտարարության մեջ:Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Նա, ըստ լուրերի, Շիրինյանի ընկերներից է: Զբաղեցրած պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը (նա Հանրայինից չի հեռանա, կշարունակի վարել «Հարցազրույց» հաղորդումը), հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը, որը «մենք ռեք ենք»` այլևս թևավոր դարձած արտահայտության հեղինակն է: Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ, լրատվական և վերլուծական հաղորդումների պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով, ինչից հետո մրցույթ կհայտարարվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:

Ով է Պետրոս Ղազարյանին փոխարինող Ռ. Շահինյանը

VERELQ-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առկա է պայմանավորվածություն, ըստ որի` Ռուբեն Շահինյանը այս պաշտոնում կմնա մինչև լուրերի նոր տնօրենի նշանակումը: Կայքը գրում է, որ Շահինյանը հանդիսացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի աջ ձեռքը: «Վերջինիս գնալուց հետո բոլորի համար տարօրինակ կերպով Շահինյանը շատ արագ ինտեգրվեց Ռուբեն Ջաղինյանի թիմում ու համարվեց նրան աջ ձեռքը: Հետհեղափոխական շրջանում էլ նա, փաստացի, կարողացել է լեզու գտնել նաև նոր տնօրինության ու ղեկավարության հետ»,— գրում է կայքը:Նկատենք, որ Շահինյանը Հ1 հետ գործակցում է բավական երկար` 2007-ից: Որպես պրոդյուսեր՝ ներգրավված է եղել մի շարք նախագծերում` «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերում, «Կյանքը շարունակվում է», «Գեներալի աղջիկը», «Աննա», «Որբերը» հեռուստասերիալներում, «Առաջին տաղավար», «Հայաստան ջան», «Սիրո բանաձև», «Մասնագիտությունը՝ լրագրող», «Բենեֆիս», «Գուշակիր մեղեդին», «Համի որակ», «Գործից դուրս», «Բարդ երկուշաբթի», «Ազատ գոտի» հեռուստանախագծերում: Եղել է Հանրային հեռուստառադիոխորհրդի հեռուստանախագծերի գծով խորհրդական:2018-ի հուլիսից Ռուբեն Շահինյանը միացել է Հանրայինի լրատվական ծառայության թիմին՝ որպես թողարկումների պրոդյուսեր: Նկատենք, որ Հ1-ի կայքում Շահինյանի մասին «քեյսում» նրան բնորոշող ահա այսպիսի տողեր կան. «Ռուբեն Շահինյանի՝ պրոդյուսերի համառությունը և բծախնդրությունն այն որակներն են, որոնք անփոխարինելի են պրոդյուսերական գործում: Մեկ այլ կարևոր որակ է «ապահովագրումների» նկատմամբ նրա հետևողականությունը: Ռուբեն Շահինյանի նոթատետրում, նույնիսկ առերևույթ 100%-անոց լուծումների պարագայում, միշտ առկա են «Բ պլաններ», որոնք գործընկերները սիրով անվանում են «ռուբենիզմներ»»:

Ենթադրում ենք, որ երբ ծագեց վարչապետի ուղերձի խոտանված կադրերի շուրջ սկանդալը, Շահինյանը նոթատետրը տանն էր մոռացել, այլապես Հ1-ի տնօրինությանը օգնած կլիներ իր «ռուբենիստական»  «Բ պլաններով»:

(Visited 99 times, 1 visits today)