ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերից ո՞վ որտեղ է գիշերել

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Հայաստանից: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարությունը հավելյալ մանրամասներ չի հայտնում ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերի մասին: Մասնավորապես, թե նրանցից ո՞վ որտեղ է գիշերել: Մեզ հաջողվեց ճշտել, որ նախագահներից ոմանք գիշերել են «Գոլդեն Փելես Երեւան», «Ալեքսանդր», «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցներում:

«Ալեքսանդր» հյուրանոցում մասնավորապես գիշերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Հյուրանոցից հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, որ չեն կարող իրենց հյուրի մասին տեղեկություն հրապարակել: Մեզ հաջողվեց ճշտել, սակայն, որ Տոկաեւին տրամադրվել է հյուրանոցի «Ալեքսանդր սյութ» համարը: Այս համարից նշված հյուրանոցում մեկ հատ է. այն նախագահական է, եւ 1 գիշերն արժե 1 միլիոն 800 հազար դրամ:

Ի դեպ, այս հյուրանոցում կան բարձրակարգ եւս երկու համարներ՝ «Աբովյան» եւ «Պուշկին» անուններով: Սրանք իրենց ճոխությամբ չեն կարող համեմատվել նախագահական համարի հետ եւ համապատասխանաբար արժեն 600 եւ 400 հազար դրամ:

«Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի նախագահական համարի արժեքը փոփոխական է՝ կախված հյուրանոցի զբաղվածությունից: Եթե հյուրանոցը գերբեռնված է, այդ համարի արժեքը բարձրանում է: Մեր հարցին ի պատասխան հյուրանոցից հայտնեցին, որ կոնկրետ երեկ այն արժեցել է 1 միլիոն 686 հազար դրամ: Հյուրանոցում, սակայն, հրաժարվեցին հայտնել, թե որ երկրի առաջնորդն է այնտեղ գիշերել:

Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելիս Երեւան» հյուրանոցին, այնտեղ կա ընդամենը մեկ նախագահական համար, որն արժե 1 միլիոն 500 հազար դրամ: Թե նախագահներից ով է այնտեղ գիշերել, հյուրանոցում չհայտնեցին:

Ի դեպ, լրագրողները այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից փորձել են ճշտել՝ արդյո՞ք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը:

Ծառուկյանը պատասխանել է. «Ալեքսանդր Գրիգորիչն իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ունի անձնական ընդունելությունների տուն, որտեղ կա մեծ այգի եւ բակ: Լուկաշենկոն հավանաբար այնտեղ է գիշերել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Նրանցից Հայաստանում չի գիշերել միայն Պուտինը: Նա Հայաստան ժամանեց հենց նիստի օրը եւ նույն օրն էլ հեռացավ Հայաստանից:

(Visited 30 times, 1 visits today)