Երբ է այս տարի նշվելու Վարդավառը

«Վարդավառ», «Վարդեվառ», «Վարդևորվ», «Ջրոցի». թեժ ամռան ամենազով տոնը ժողովրդի մեջ տարածված է այս անուններով: Նպատակը մեկն է՝ զովանալ, ցանկությունը՝ զվարճանալ, բովանդակությունը՝ մաքրագործել ու մաքրագործվել, իսկ նշելու կարգը՝ հեշտ, ծիծաղելի և պարզ:

Մինչ միասին կանցնենք «վարպետաց դաս» այս տոնի լիարժեք մասնիկը դառնալու համար, նախ ծանոթանանք պատմական փոքրիկ ակնարկի, որը մեզ կօգնի էլ ավելի խորն ընկալել տոնի հիմնական խորհուրդը (իհարկե մի լավ զվարճանալուց հետո):

Քրիստոնեությունը, որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն ունի և հետևողականորեն նշում է եկեղեցական գրեթե բոլոր տոները՝ դրանք հարմարեցնելով կենցաղին ու դրանց մեջ փնտրել-գտնելով զվարճանքի տարրը:

Չնայած այս տոնի ծագումը կապվում է նաև նախաքրիստոնական ժամանակաշրջանի հետ, երբ հուլիս ամսին մարդիկ, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո մեծ տոնախմբություն էին կազմակերպում՝ օրհնելով և նվիրատվություններ անելով հեթանոսական աստված Միհրին։ Տոնախմբության հիմնական բաղկացուցիչն էլ ջուրն էր՝ լավ բերքի հիմնական գրավականը:

Գալով քրիստոնական ժամանակաշրջան՝ այն կապում են Քրիստոսի պայծառակերպության հետ: Երբ առաքյալները բարձրանում են Թաբոր լեռը՝ Հիսուս Քրիստոսը նրանց աչքի առաջ պայծառակերպվում է: Քանի որ մաքրության ու հավատի խորհրդանիշն էլ ջուրն է, մարդիկ իրար վրա վարդաջուր են ցողել և աղավնիներ թռցրել:

Որքան քրքրենք ու փորփրենք լեգենդները, առասպելներն ու անգամ պատմական իրողությունները, այնքան շատ տարբերակներ կգտնենք այս տոնի հետ կապված: Սակայն սրանք ամենատարածված երկու տարբերակներն են, որոնք ես համառոտ ներկայացրի՝ ի գիտություն:

Իսկ հիմա անցնենք նյութի ամենահետաքրքիր հատվածին: Եթե դու հիմա կարդում ես նյութն ու զարմանում, թե ինչու են ֆոտոշարքի երկու հերոսները ջրի շիթերի արանքում, ապա, սիրելի՛ս, քեզ պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ դու կյանքումդ էմոցիաների մի յուրահատուկ պաշար առայժմ բաց ես թողել: Ժողովրդական լեզվով ասած՝ ջրոցի չես խաղացել, չես սայթակել ու դմփացել գետնին, չես ասել՝ «տեղ եմ գնում, հանկարծ չջրեք», և ամենահաճելին՝ չես ջրել նրան, ով ինքն է խնդրել՝ «չջրեք, տեղ եմ գնում…» Եթե քեզ այս արտահայտություններն ու արևի տակ շշով ջուր տաքացնելը անծանոթ են, անծանոթ է նաև տնից ամենաանպետք դույլը մեկ օրով քեզնով անելը, ապա շուտափույթ՝ այս ամռանը, լրացրու բացն ու մի լավ զվարճացիր՝ ջրիր, ջրվիր ու, հա՛, ամենակարևորը՝ ջրիր մեկին, որը հագած-կապած տեղ է գնում: Այո՛, դա ես եմ քեզ ասում՝ այս տողերի հեղինակն ու ջրոցի խաղալու ոլորտում առաջատար ջրվողս: Կատակը մի կողմ, դա տարվա այն օրն է, երբ խստիվ արգելվում է զուգված-զարդարված տանից դուրս գալ՝ սա մեծ տոն է, որը նշվում է Հայաստանի ամբողջ տարածքում: Անկախ տարիքից և անգամ եղանակային պայմաններից՝ խաղում են բոլորը, ջրում միմյանց ու, շուտ եմ ասել, նեղանալ չկա:

Այս տարի այն նշվելու է Հուլիսի 24ին:

Իրականում, այս տոնը, որքան էլ զվարճալի է, որքան փոքրիկների համար սպասված, ամեն դեպքում, ունի խոր արմատներ, համախմբելու կարողություն և նորագույն տեխնոլոգիաների այս դարում, գոնե մի քանի ժամով, տեխնիկան տան մի անկյունում՝ շառից-փորձանքից ու ջրվելուց հեռու թողնելու, օրը լիաթոք ապրելու հնարավորություն է՝ ոչ թե հեռախոսի էկրանից, այլ դրա քառակուսուց դուրս:

Մայրաքաղաք Երևանի կենտրոնն այդ օրը զվարճանքի մի մեծ, բացօթյա սրահի է վերածվում, որտեղ ծանոթանում են անծանոթները, հաշտվում են իրարից նեղացածներն ու մտերիմ շփվում նրանք, որոնք իրար հանդիպում են կյանքում առաջին անգամ:

Աշխարհի ամենահյուրասեր և ուտելիքի սիրահար մեր ազգի համար, սա այն բացառիկ տոներից է, որի առանցքում կերուխումը չէ, որի համար գումարներ ծախսել ու ճոխ սեղաններ գցել պետք չէ, այլ պետք է միայն ունենալ լավ տրամադրություն և վերջ: Չէ, մի րոպե՝ ինչ վերջ, մոռացա նշեի՝ մայրիկից ու տատիկից գաղտնի չմոռանաս դույլ թռցնել՝ միջին խորությանը լրիվ բավական է:

«Ջրոցին» շարժական տոն է և նշվում է հունիսի 28-ից, օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Մեծ տոնի մի մասնիկն այս տարի կարող ես դառնալ նաև դու, եթե հուլիսի 28-ին լինես Հայաստանում և դույլը ձեռքիդ, առանց պճնանքի ու ժամանակակից տեխնիկայի, ուղղակի դուրս գաս փողոց:

(Visited 411 times, 1 visits today)