Ինչպես է հոգում իր ճամփորդական ծախսերը Լիա Զախարյանը (լուսանկարներ)

Դերասանուհի Լիա Զախարյանը վերջին շրջանում նոր սեր է գտել. ճանապարհորդում է առաջին իսկ հնարավորության դեպքում, էներգիա ստանում և ոգևորված վերադառնում հայրենիք: Լիան  օրերս է վերադարձել  եվրոպական ճամփորդությունից, եղել է Պրահայում և Վիենայում:Լիան նկատեց, որ միայնակ է ճամփորդում, թեև շատերը չեն հավատում այդ փաստին, ինքը սիրում է միայնակ բացահայտել երկրներն ու նոր ծանոթություններ ձեռք բերել:

Լիայի ճամփորդությունը չի անցել առանց արկածների, առաջին օրը Պրահայում ձախողվել է, բայց այդ մասին ժպիտով է հիշում. «Պրահայում կորցրել էի ուղեբեռս. իմ չվերթը տրանզիտով էր, առաջին թռիչքս ուշացավ, երկրորդ ինքնաթիռիս հասա թռիչքից վայրկյաններ առաջ: Ես հասցրեցի մեկնել, ուղեբեռս՝ ոչ: Հասա Պրահա ու պարզվեց, որ ճամպրուկս չէին հասցրել տեղափոխել Պրահա մեկնող ինքնաթիռ: Պրահայում ընդամենը 3 օր ունեի, սակայն չունեի հագուստ, վերարկու, հիգիենայի պարագաներ, նույնիսկ, լիցքավորիչ: Դա ամենավատ օրն էր, ուղեբեռս ինձ հասավ միայն հաջորդ օրը: Մյուս օրերը վայելել եմ որքան հնարավոր է»:

Ճամփորդությունները, իհարկե, իրենց արժեքն ունեն: Լիայից հետաքրքրվեցինք՝ կարողանո՞ւմ է վաստակել այնքան, որ ինքնուրույն հոգա իր ճանապարհորդական ծախսերը: Լիան շեշտեց, որ մինչև հիմա իր բոլոր ճամփորդությունների համար ինքն է վճարել և պատմեց գումար տնտեսելու իր մեթոդի, ճամփորդելիս խորամանկելու մասին:

«Ես միշտ երազել եմ շատ ճամփորդել, ճանաչել աշխարհը, որտեղ ապրում եմ  և չսահմանափակվել այն սահմաններով, որն ինձ տվել է իմ հայրենիքը: Փոքր տարիքում չէի կարող դա ինքնուրույն իրականացնել, պետք է հասունանայի այնքան, որ կարողանայի ինձ թույլ տալ նման բան: Ամենաբարդն առաջին ճամփորդությունս էր, երբ օտարության մեջ փորձում ես քեզ ճիշտ դրսևորել, տեսնել, ճանաչել նոր մարդկանց, նոր մշակույթ և տեսնում ես, որ ստացվում է, ավելին, դա շատ խոստումնալից է և երջանկացնում է քեզ, ամեն բան հեշտանում է,- ասաց նա ու հավելեց,- ես տարվա ընթացքում գումար եմ խնայում: 3 մեծ «բանկա» ունեմ, որոնց մեջ հավաքում եմ գումարս: Ինքս ինձ խոստացել եմ օրվա ընթացքում առնվազն 2000 դրամ քիչ կծախսեմ և կհավաքեմ: Իրականում մենք շատ գումար ենք ծախսում տաքսիների, սրճարանների վրա, բայց կարելի է մի բան պակաս անել: Ամեն օր ինչ-որ բան պակաս եմ անում և հավաքում գումարս: Առօրյա ծախսերում խնայել ինձ օգնում է այն, որ իմ գործունեության շնորհիվ շատ աքսեսուարների, հագուստի, խնամքի համար գումար չեմ ծախսում, այլ  համագործակցում եմ խանութների, սրահների հետ: Այդ գումարները խնայելով՝ փորձում եմ տարին 2 անգամ նոր երկիր բացահայտել: Իրականում, ճամփորդելն այդքան էլ թանկ հաճույք չէ, եթե հյուրանոցդ 5 աստղանի չէ, թռիչքդ բիզնես-կլասով չէ»:

(Visited 76 times, 1 visits today)