«Թղթե տան» ամենադաժան ու գրավիչ եթերաշրջանը. բացահայտում են ստեղծողները

Իսպանական հանրահայտ «Թղթե տունը» (La Casa de Papel) սերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերային հաշված օրեր են մնացել:

Ամբողջ աշխարհով մեկ սերիալի սիրահարները փորձում են գուշակել, թե ինչ վերջաբան է սպասվում 5-րդ եթերաշրջանի ավարտին շատ դժվար դրության մեջ հայտնված դերասաններին:

Օգոստոսի 2-ին Netflix-ի թողարկած թրեյլերն էլ չի օգնել նրանց ստանալ շատ հարցերի պատասխանները՝ ավելի խճճելով ամեն ինչ:

Փոխարենը որոշակի բացահայտումներ է արել սերիալի ստեղծող ու հեղինակ Ալեքս Պինան: Նա իսպանական Vogue-ին պատմել է, որ կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով նկարահանումները զգալիորեն հետաձգվել են ու 5-րդ եթերաշրջանը ներկայացնելու են 2 մասով:

Առաջինի պրեմիերան լինելու է սեպտեմբերի 3-ին, ցուցադրվելու են 1-5-րդ սերիաները: Երկրորդ մասը՝ 6-10-րդ սերիաները կներկայացվեն դեկտեմբերի 3-ից:

Պինան խոսել է նաեւ նոր դերասանների մասին, որոնք համալրել են իրենց շարքերը:

«Մեր հիմնական կազմին ավելացել են Միգել Անխել Սիլվեստրին ու Պատրիկ Կրիադուն: Առաջին ամիսների ընթացքում ինքներս էլ չգիտեինք, թե ինչ կերպարների են նրանք մարմնավորելու, սակայն հետո հասկացանք: Կրիադուն կլինի Բեռլինի որդի Ռաֆայելը, որն ընդհանրապես հեռու է իր հոր գաղափարներից, իսկ Սիլվեստրին Տոկիոյի առաջին սերն է՝ Ռենեն, որը նրան բազմաթիվ հնարքներ ու աշխարհով մեկ ճանապարհորդել է սովորեցրել:
Վերջին նորեկը Խոսե Մանուել Սեդան է, որը պատասխանատու է իսպանական հատուկ նշանակության ջոկատի ղեկավարի կյանքի համար: Սերիալի ավարտը ֆանտաստիկ է լինելու: Բախումը հասնելու է ամենածայրահեղ ու դաժան ձեւերի, բայց դա նաեւ ամենագրավիչ եթերաշրջանն է լինելու»,- նշել է նա:

 

Netflix-ը սերիալի վերջին մասի վերաբերյալ հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. «Խումբը փակված է եղել Իսպանիայի բանկում 100 ժամից ավելի, նրանց հաջողվել է փրկել Լիսաբոնին, սակայն հիմա ամենաբարդ ժամանակն են ապրում: Պրոֆեսորին գերի է վերցրել Սիրեան, ու առաջին անգամ նա փախուստի պլան չունի: Երբ թվում է, որ ամեն ինչ սարսափելի է, հայտնվում է նոր թշնամի՝ բանակը, որն ավելի զորեղ է նախկինում հանդիպածներից: Մոտենում է ավարտին պատմության մեջ ամենախոշոր կողոպուտը, որն իսկական պատերազմի է վերածվել»: Հիշեցնենք, որ Բոգոտայի դերը մարմնավորում է հայազգի Հովիկ Կեուչկերյանը: Նրան ու իր ընկերներին բավական բարդ փորձություն է սպասվում՝ կկարողանա՞ն նրանք դուրս գալ բանկից, թե՞ կզոհվեն: Այս ու մյուս հետաքրքրող հարցերի պատասխանները կստանանք մինչեւ տարեվերջ:

(Visited 58 times, 1 visits today)