«Ընտանեկան խնդիրներ ունեցել ենք, բայց վերջում միշտ հաշտվել ենք». Լիլի Էլբակյան

Լիլիի խոսքով՝ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը բարդ է, բայց սիրո, երեխաների, ամենօրյա աշխատանքի շնորհիվ դա հեշտ է թվում:

«Աշխատանք անում ենք թե՛ ես, թե՛ Համոն, թե՛ մեր երեխաները, որպեսզի սիրո, հարգանքի, հոգատարության և փոխըմբռնման ճիշտ բալանս ստանանք: Ընտանիքի լավ հիմքերը դրվում են սիրո և համբերության շնորհիվ: Պետք է հասկանաս, որ դիմացինիդ սխալները կարող ես նաև դու անել, բոլոր մարդիկ սխալական են, լուծումը քեզ կամ ամուսնուդ փոխելու մեջ չէ, այլ այդ խնդրի մեջ, դրան նայելու անկյան մեջ, պետք է թեթև նայես ու հասկանաս՝ այդ խնդիրները մեծ չեն: Ինձ համար նաև Աստված է կարևոր, ընտանիքը եռանկյունու նման է, որի վերևում Աստված է կանգնած»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ այդ ամենը միանգամից չի հասկացել, այնպես չէ, որ իր ընտանիքում հիմա ամեն ինչ իդեալական է կամ իդեալական կլինի: «Ես ու Համոն համարյա ամեն ինչի միջով անցել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Ամեն փորձություն մեզ հանգեցրել է այն մտքին, որ այն անցնելու համար էր: Եթե չես անցնում փորձությունների միջով, դրանք նորից են գալիս: Ամեն փորձությունից հետո մեծացել եմ, վարդագույն ակնոցս էլ ճիշտ գույն է ստացել, հիմա կյանքին չեմ նայում այնպես, ինչպես ես եմ ուզում, այլ այնպես, ինչպես կա և փորձում եմ այն ավելի լավը դարձնել: Ես չեմ հաշտվում իրականության հետ և միշտ կռիվ ունեմ կյանքի հետ»,- նշեց նա:

Լիլին անկեղծացավ, որ իր պատկերացրած ընտանեկան կյանքն այլ էր, ինչ-որ չափով հիասթափություն ունի: «Դժվար է համակերպվել ոչ միայն կենցաղի, այլև այն մարդու հետ, որին դու վերածվում ես: Աղջկական թեթև վիճակները քիչ-քիչ վերանում են, ձուլվում ես ընտանիքին, հոգսին, կենցաղին: Պետք է կարողանաս այս ամենի մեջ մի փոքր պահել թեթևությունը, որպեսզի կենցաղը քեզ «չուտի», այլ դու նրան «ուտես»: Միմյանց չձանձրացնելը բարդ է, բայց ամբողջը մեր ձեռքերում է: Երբ նոր ենք սիրահարվում, փորձում ենք սիրելիին ցույց տալ մեր ամենալավ կողմերը, եթե դա շարունակվի, միմյանց չենք ձանձրացնի: Իհարկե, լինում են օրեր, երբ հոգնում եմ, բայց լինում են նաև օրեր, երբ ուրախ եմ լինում ամուսնացած լինելու համար»,- ընդգծեց Լիլին:

Ըստ դերասանուհու՝ ինչպես բոլոր ընտանիքներում, իրենց ընտանիքում ևս խնդիրներ լինում են, դրանք հաղթահարում են՝ ուղիղ նայելով խնդրին:

«Ընտանիքը հետաքրքիր կառույց է, անընդհատ փորձության է ենթարկվում, որովհետև մարդկանց դուր չի գալիս իդելականությունը: Ես շատ եմ աղոթում ամուսնուս, մեր հարաբերությունների, խնդիրների լուծման համար: Լուծումը միանգամից չի լինում, բայց իմ կողքի Համոն այսօր ավելի լավն է, քան այն Համոն, ում ես ճանաչում էի 10 տարի առաջ: Ես չեմ փոխել նրան, ինքն է հասկացել շատ բաներ, փոխվել, գիտակցել ընտանիք ունենալու պատասխանատվությունը,- ասաց նա և հավելեց, որ փոքրիկ բախումներ լինում են նաև երեխաների դաստիարակության հարցում,- Ես մի փոքր խիստ եմ դստերս՝ Էլմիի հետ, նրան շատ եմ ծանրաբեռնում ուսման հարցերում, Համոն ասում է, որ երեխա է, պետք չէ։ Մյուս հարցերում միմյանց վստահում ենք: Առհասարակ, թե՛ փոքրիկ, թե՛ մեծ վեճեր լինում են: Ես շատ տաքարյուն եմ, բայց արագ եմ ներում: Երբ բարկացած եմ, պետք է ասեմ այն, ինչ հավաքված է իմ մեջ, չունեմ լռելու, սպասելու կանացի խորագիտությունը: Համոն գիտի, որ կարող եմ գոռալ, հետո ներել, սպասում է այդ պահն անցնի, թեև երկուսս էլ ներողամիտ ենք: Երեխաներն էլ սովոր են, ասում են՝ դուք կամ գոռում եք, կամ սիրում»,- պատմեց նա:

Դերասանուհին նաև շեշտեց, որ ծնողները չեն միջամտում իրենց ընտանեկան հարցերին, ինչը շատ լավ է: «Ունեմ շատ լավ սկեսուր, ով չի միջամտում մեր ընտանեկան հարցերին, ծնողներս ևս ազատ են թողնում ինձ: Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մտածել եմ բաժանվելու մասին, Համոն մի քանի անգամ հավաքել է իրերն ու գնացել ծնողների տուն: Այդ ամենը գալիս է իմ տաքարյուն բնավորույթունից, կարող եմ ասել՝ գնա, քեզ չեմ ուզում տեսնել, բայց արագ մոռանում եմ, որ նեղացել էի, երբ տնից գնում է, հաջորդ պահին ներում եմ Համոյին: Առաջ մտածում էի, որ դավաճանությունը չեմ ների, բայց ամուսնությունից հետո հասկացա, եթե ոչ ինձ համար, հանուն երեխաների կներեմ: Գլոբալ դավաճանություն ներելու խնդրի առջև դեռ չեմ կանգնել, եղել են ինչ-որ փոքրիկ ներումներ, որոնք հեշտ եմ անցել: Բայց նույնիսկ գլոբալ դավաճանություն ներելու ուժ, կարծում եմ, կգտնեի իմ մեջ»,- եզրափակեց նա:

(Visited 49 times, 1 visits today)