Ալեն Սիմոնյանին չեն վռնդել խանութից, Նարեկ Մալյանը ստահոդ լուրեր է տարածում. պարզաբանում է խանութի տնօրենը

freenews.am-ը գրում է.

Ալեն Սիմոնյանն այսօր չի եղել «Ուրարտու» խանութում, նա մեզ մոտ մի քանի օր առաջ է եղել, սակայն ոչ մի միջադեպ չի գրանցվել, քանի որ ԱԺ փոխխոսնակը եղել է դիմակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուրարտու» խանութների ցանցի տնօրեն Նորայր Դավիթավյանը՝ խոսելով Նարեկ Մալյանի գրառման մասին՝ ըստ որի Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: Զանգահարեցինք նաև Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութ, որտեղից մեզ ասացին, որ մոտ երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանը մեքենայից իջել է և ցանկացել մտնել խանութ, աշխատակիցները նկատել են որ առանց դիմակ է, ինչի համար Աժ փոխխոսնակը ներողություն է խնդրել, մեքենայից վերցրել է այն և մտել խանութ, որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել և Նարեկ Մալյանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի ...

Նշենք, որ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում: Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել: Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»:

(Visited 77 times, 1 visits today)