Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը,նա հայտնի կոմպոզիտորի թոռն է

«Յուքոմ» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: Այս մասին Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները: Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։ Նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ում տեղի ունեցած սկանդալից հետո ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, ազատման դիմում է գրել: Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն էր հայտնել նաև «Յուքոմի» 843 աշխատակից: Այնուհետ Factor.am-ը, հղում անելով ընկերության իր հավաստի աղբյուրներին, տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին «Յուքոմի» սեփականատերերն ընդլայնված նիստ են արել և որոշել, թե ով է լինելու նոր տնօրենը: Մեր այս տեղեկությունը հաստատվեց ապրիլի 14-ին «Յուքոմի» բաժնետերերի խորհրդակցությունից հետո ընկերության կառավարման խորհուրդի կողմից տարածված հայտարարությամբ: Այս նիստից հետո Հայկ Եսայանը հայտարարեց, որ նախ 22, ապա՝ 34 միլիարդ դրամով ցանկանում է գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնետոմսերը: Ընկերության սեփականատերերը այս առաջարկին չեն արձագանքել, ավելին՝ նոր տնօրեն են նշանակել: Առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի նոր տնօրենի անունը:

Ի դեպ, «Յուքոմ»-ի նորանշանակ տնօրենը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է: Հավելենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/240881.ht

(Visited 45 times, 1 visits today)