Կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել, ինչն ինքնին լավ լուր է: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի:

Փաշինյանը հավելեց, որ ցավոք ունենք նաեւ մեկ վատ լուր. «68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի պոլիսեգմենտալ զուլվող թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի»:

Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից, ես կարող եմ բերել, օրինակ, ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն եթե համեմատենք տեմպը, ապա 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Եթե մեր հույսներն արդարանան, եւ այդ տեմպի նվազումը հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը եւ սկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին:

Այս ամենը ասում եմ, որպեսզի նաեւ իրավունք վերապահեմ ինձ խնդրելու, որ այսօր եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումներն իսկապես արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են, սա մեզ պետք է ոգեւորի, որ եւս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեզ նկատմամբ: Եթե այս դինամիկան լինի, դա կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք»,-ասաց Փաշինյանը:

(Visited 37 times, 1 visits today)