ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ Վահե Գրիգորյանը չմասնակցի իրենց դիմումի քննությանը

«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին զուգահեռ նաև գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ դիմումի քննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ըստ նրա՝ պատճառը շատ հստակ է, Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով։

ՍԴ–ում կքննարկվի մանդատների բաշխման կարգը. ինչ հարցով է «Հայաստան» դաշինքը դիմելուՆշենք, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ ներկայացված դիմումով պահանջում է անվավեր պահանջել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումը։ Ըստ փաստաբանի՝ դաշինքը պահանջում է՝ կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն առհասարակ, կամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, նշանակել երկրորդ փուլ, կամ սահմանել մանդատների բաշխման կարգ։

«Մենք վիճարկել են ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև փաստական հանգամանքները, որոնք կան։ Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե քանակական խախտումների իմաստով, իսկ դրանք ընտրական տեղամասերում առկա խախտումներն են, որոնք մենք ներկայացրել ենք, այսինքն՝ բուն քվերակության օրվա վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև որակական իմաստով է ՍԴ-ն քննության առարկա դարձնելու։ Սա արդեն վերաբերում է այն խումբ հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք՝ սկսած մայիսի 10-ից կամ մի քիչ ավելի հետ գնանք դեպի ապրիլի 25։ Մենք ներկայացրել ենք դիմումը՝ 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաղթղթերով և դրանց վերաբերյալ մեր հիմնավորումներով»,- ասաց նա։

Ըստ Վարդևանյանի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու։ ՍԴ մասին օրենքն ընդունվել է 2018 թվականին, և մինչ օրս ընտրական վեճերով քննություն չի եղել ՍԴ-ում։ «Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական մոդելը, կարծում եմ, նաև լինելու է աննախադեպ, քանի որ առնվազն այն տեղեկություններով, որոնք մենք լսել ենք, Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքներն առնվազն վիճարկում են մի քանի ուժեր։ Այսինքն՝ նման ծավալով վիճարկում ես չեմ հիշում»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանը նշեց, որ մի շարք ապացույցներ են ներկայացրել, նույնիսկ կրիչներով տեսանյութեր։ 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ ներակացվել է վերլուծություն, որը վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4000 ձայնի մասով «Հայաստան» դաշինքի անդամներն արձանագրել են, որ ընտրական տեղամասերի ցուցակներում չկան ստորագրությունները։ «Այսինքն՝ նժարի վրա դրված է 88 հազար քվե, բայց պարզվում է՝ դրանից 4000-ը բացակայում է»,- հավելեց նա։ Ըստ նրա՝ իրենց արձանագրածով՝ ընդհանուր առմամբ 200 հազար ձայն անվավեր պետք է արվի։

Մյուս ապացույցն, ըստ Վարդևանյանի, այն է, որ 30-40 ընտրատեղամասերում եղած մատյաններում նույն էջից մի քանիսն են հայտնաբերվել, որոնցում նույն անունները կան։ Փաստեր են ներկայացվել նաև, որ զինվորականներն անկախ չեն եղել ընտրության ժամանակ։

ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը բարձրացրել է նաև այն հարցը, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող մնալ պաշտոնակատար։ Ըստ Վարդևանյանի՝ Նիկոլ Փաշինյանի այդ կարգավիճակը պահպանվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման։ «Մենք առաջին անգամ ունենք դեպք, որ արձանագրված է վարչական ռեսուրսի չարաշահումն իշխանության կողմից, սա կարևոր հանգամանք է»,- նշեց նա։

ՍԴ ներկայացված դիմումում նաև բարձրացվել է ատելության խոսքի հարցը։ «Այն, ինչ մենք տեսանք իշխանական պատգամավորի թեկնածուի կողմից, ով նաև զուգահեռաբար վարչապետի պաշտոնակատարն էր, այդ ատելության խոսքը ծավալն անգերազանցելի էր։ Այս բոլոր արտահայտությունները Սահմանադրական դատարանում հնչեցվելու են ու քննության առարկա են դառնալու»,- ասաց փաստաբանը։

(Visited 137 times, 1 visits today)