Ալիևը գոհ է խաղաղապահներից, բայց մանդատ չի ստորագրում. ինչ է սպասվում

Ռուս խաղաղապահների տեղակայումից մոտ մեկ տարի անց Բաքուն , չնայած դրական է գնահատում նրանց գործունեությունը, սակայն նաեւ հարցեր բարձրաձայնում: Նախ նկատենք, որ Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

Ստացվում է՝ խաղաղապահներն այս պահին Ղարաբաղում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է հինգ տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հարցեր է բարձրացնում նրանց գործունեության ու լիազորությունների վերաբերյալ։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահներից, բայց կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն», – իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը՝ մանրամասնելով․ – «Օրինակ, կա խնդիր օտարերկրացիների հետ, որոնք պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան, որպեսզի մուտք գործեն մեր տարածք»։

Մոտ մեկ ամիս առաջ էլ այս մասին Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր խոսել։ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր», – ասել էր նա BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում, հավելելով՝ «կողմերի միջև դեռ քննարկումներ են ընթանում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններ ձեռք բերելու համար»։ Եվ չնայած այս ամենին, ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե խաղաղապահների ժամկետը եւս հինգ տարով կերկարաձգվի:

(Visited 32 times, 1 visits today)