Տգիտության հшմшճшրակ. MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին

Արեգ Դանագուլյանը, ով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր է, անդրադարձել է համաճարակով պայմանավորված հայաստանի ներկայիս իրավիճակին. ՛՛Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին և անսպասելին: Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան: Այն ժամանակ բոլորս հույժ մտահոգված էինք և՛ համավարակի մասշտաբներով, և՛ նրա մահաբերությամբ, և՛ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանյան հասարակության ցավալի (բայց սպասելի) անլուրջ կեցվածքով: Հոդվածիցս հետո մի քանի օրում վարակը դանդաղեց, ու ապրիլի սկզբին անգամ նկատվեց նոր վարակվածների թվի թեթև, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի ականջը դա լսեց»: Այս դեպքում «սшտшնшն» մեր հասարակության համատարած տգիտությունն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի և այս աստիճան տգիտությունը:

Ամբողջ աշխարհում մարդը նույնն է: Մշակույթը տարբեր է, բայց իր մտածելու ունակությամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թե պակաս նույնն է: Իհարկե, կան գենետիկ թեթև տարբերություններ ազգերի միջև, բայց ընդհանուրում այդ տարբերությունները չնչին են: Այնպես որ, տգիտությունը Աֆրիկայում էլ է տգիտություն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եվ ամենուրեք` զոր աշխարհի ամեն անկյունում, որտեղ բացակայում է որակյալ կրթության ախտահանող լույսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտության թունավոր բորբոսը: Իսկ տգիտությունը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թե հարուստ տվյալների ճկուն վերլուծության շնորհիվ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները, որոնք գուցե բավարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանվելու համար, բացարձակապես անզոր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղետներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում:

Ցավալի է, բայց այդպես է: Առաջին իսկ օրվանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապես, միջազգային տարբեր կառույցների ճնշման ներքո կառավարությունը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին հայտարարվեց պարետային ժամ, և առողջապահության նախարարությունը շուտափույթ սկսեց ավելացնել համաճարակային և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը: Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արվեցին: Նախ, համարյա ամեն ուղերձում շեշտադրվում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպե՞ս է ընկալվում այս հղումը միջին քաղաքացու կողմից: Եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ է այդ քաղաքացին վերաբերվում իր առողջությանն ու անվտանգությանը (ինչը երևում է ծխախոտի համատարած սպառմամբ և ամրագոտի կապելու համառ չկամությամբ), ապա այս տեղեկությունը դառնում է պատրվակ վտանգն անտեսելու համար: Չէ՞ որ ամեն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղա է» (անգամ, եթե օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետևաբար` կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ:

Երկրորդ սխալը ամենուրեք «խուճապի չմատնվելու» շեշտադրումն էր: Սա ինձ հիշեցնում է մի հին ալպինիստական ասացվածք. եթե շուրջդ բոլորը խուճապի են մատնված, իսկ դու հանգիստ ես, ապա դա երևի նշանակում է, որ դու չես պատկերացնում անգամ, թե ինչ է կատարվում:

Շատ եմ ասել` Հայաստանում խուճապի պրոբլեմ երբեք չի եղել, Հայաստանում կա համատարած «բառադիության» պրոբլեմ: Եթե հայի կյանք փրկելու միակ ձևը խուճապն է, ապա թո՛ղ լինի խուճապ:

Եվ, իհարկե, ամենամեծ սխալը կառավարության անհետևողականությունն էր: Կարանտինն առաջին օրվանից շատ թույլ էր վերահսկվում, իսկ ապրիլին դարձավ ինչ-որ ձևականութուն: Անգամ կառավարական անձինք առանձնապես չէին հետևում իրենց իսկ սահմանած կանոններին: Խոսքը և՛ իշխող կուսակցության, և՛ (հիմա իրավիճակը ակտիվորեն շահարկող ու շահագործող) ընդիմադիրների մասին է։ Ինչի՞ են արժանի Ծառուկյանի խոսքերը, թե իբր «կորոնավիրուսը բարի մարդուն չի կպնում»:

Ու, իհարկե, ինչպես չհիշել մեր պատգամավորների մայիսյան սխրանքները․ երբ վարակվածների թվերը սրընթաց աճում էին, նրանք փոխանակ այդ «մանրուքով» տարվեին, Ազգային ժողովում հերոսաբար բռնցքամարտ էին մղում ու «ռազբիրատի» յոթ կանոններով իրենց «տղամարդկությունն» էին ապացուցում:

Այս ֆոնին միակ լուրջ աշխատողը կարծես Արսեն Թորոսյանն էր, որը հուսահատորեն փորձում էր բացատրել վիճակի լրջությունը և  հասարակությանը իրազեկել: Բայց ասողին լսող է պետք:

Աշխարհը արագ հաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսվում

Եվ ահա այս անլրջության հետևանքով մենք ստանում ենք հետևյալ պատկերը: Այս գրաֆիկում գծված է բնակչության հարաբերությամբ օրական վարակվածների թիվը` Հայաստանի, Թուրքիայի (կանաչ), Իտալիայի (նարնջի) և Իսպանիայի (կարմիր) դեպքում: Ինչպես տեսնում ենք աշխարհը արագ հաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսվում: Իտալիայի ողբերգական սցենարը արդեն մեր դռանն է:

Հիմա կարծես կառավարությունը վերջապես գնում է կտրուկ քայլերի և փորձում վերահսկել մեկուսացման կանոնները: Եղավ ինչպես միշտ. փոխանակ դաս առնենք աշխարհի փորձից ու ժամանակին խուսափենք նրա սխալները կրկնելուց, մենք գործի անցանք միայն, երբ դանակը ոսկորին հասավ:

«Լավ,- կասեք դուք,- հասկացանք: Բայց ախր ի՞նչ կապ ունի այս վիրուսը տգիտության կամ կրթության հետ»:

Ահա ինչպես կապ ունի` թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ պետական անձինք չեն հետևում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ պատճառով. թույլ կրթության պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտությունը, ինչպես է աշխատում այն, ինչպես է գիտությունը հասնում իր եզրակացություններին: Եվ հետևաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծվածային» հասկացություն է: (Ինչպես վերը ասացի՝ սա զուտ հայաստանյան երևույթ չէ․ բավական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելույթները:
Կրթություն և գիտություն

Ես միջնակարգ կրթություն ստացել եմ հիմնականում Հայաստանում (մասամբ` Ֆրանսիայում), իսկ բարձրագույն կրթություն ստացել եմ ԱՄՆ-ում: Ինձ հաճախ են հարցնում` որն է հայաստանյան և ամերիկյան կրթությունների հիմնական տարբերությունը: Պատասխանը չափից ավելի երկար է այս հոդվածի համար: Բայց ասենք հետևյալը․ Հայաստանում կրթական ծրագիրը գլխավորապես հիմնված է տարբեր «փաստեր» հիշելու և կրկնելու վրա: Իրական կրթական մոտեցումը պետք է հիմնված լինի եղած փաստերի (լինի դա ինչպես ճշգրիտ, այնպես էլ հումանիտար գիտություններում) վերլուծության և դրանք հասկանալու վրա, ինչի ընթացքում պարզվում է, որ շատ փաստեր ավելի բարդ են, քան թվում է, և ենթակա են քննադատական վերլուծության:

Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մտածել սովորեցնելն է, այն է` իրենց մտավոր կարողությունները քննադատաբար գործածելը՝ ինչ-ինչ ենթադրությունների և եզրակացությունների գալու համար: Միաժամանակ  հասկանալ է պետք, որ այդ եզրակացություններն ապագայում կարող են թերի դուրս գալ, և նոր տեղեկություներն ու փաստերն այդ եզրակացություններն անընդհատ կարող են փոխել: Եթե մարդը հասնում է այս նպատակին, նա դառնում է ոչ միայն բանիմաց, այլ նաև կարողանում է կյանքում առաջնորդվել քննադատական վերլուծությամբ, տեսնել փաստերը` բազմակողմանիորեն, և օրինակ` զերծ մնալ շահարկումներից և դեմագոգիաներից: Բայց նաև` լավ կրթված մարդիկ գոնե սխեմատիկորեն կարող են հասկանալ, թե ինչպես է աշխատում գիտությունը:

Իսկ եթե քաղաքացին չունի այդ ձիրքը, նրա համար գիտությունը ինչ-որ «առեղծված» է: Այդ քաղաքացին, օրինակ, չի հասկանում, որ ասօր իրեն շրջապատող ամեն ինչը գիտնականների աշխատանքի հետևանքն է: Իր ձեռքի հեռախոսը պարունակում է մաթեմատիկական ալգորիթմներ, տարբեր սարքեր, որոնք ստացված են նյութաբանական հետազոտությունների հետևանքով: Բժշկի կողմից իրեն նշանակված դեղերը կենսաբանության և քիմիայի տասնյակ, հարյուրավոր տարիների հետազոտությունների արդյունքն են: Իր ավտոմեքենան ֆիզիկայի և մեխանիկական ինժեներիայի արդյունքն է: Իր սուրճը եռացնող էլեկտրականությունը գալիս է Մեծամորի միջուկային ռեակտորից: Եվ անգամ իր հագածն ու կապածը ժամանակակից քիմիայի պտուղն է:

Եթե ինքնաթիռը կառուցում ես մաթեմատիկական հաշվարկներով, այն թռչում է:

Եթե ռեակտորդ նախագծում ես ֆիզիկայով և մաթեմատիկայով, այն երկիրդ հանում է «ցուրտ ու մութից»:

Եթե լսում ես պատմաբաններին, որոնք քեզ բացատրում են, թե ինչպես են մշակվել և ի կատար ածվել ցեղասպանությունները, ապա կարողանում ես կանխել նոր ցեղասպանությունները (իսկ երբ անտեսում ես, ինչպես դա աշխարhն է արել, ապա կրկնում ես պատմությունը):

Եթե պատվաստումները և համաճարակի ռազմավարությունը հիմնում ես գիտնականների հաշվարկների և կենսաբանության վրա ու հետևում ես բժիշկների խորհուրդներին, ապա փրկում ես միլիոնավոր, անգամ միլիարդավոր կյանքեր:

Իսկ եթե առաջնորդվում ես բնազդովդ և անում ես այն, ինչ գլխիդ է փչում, որովհետև «ախր շաաա՜տ ես ուզում գնալ աներձագիդ նշանդրեքին», երաշխավորում ես ցավալի և անիմաստ կորուստներ:

Նմանապես, եթե բժիշկների նախազգուշացումներն անտեսելով օրական մի տուփ ծխախոտ ես ծխում, ապա հասարակությունդ տառապում է թոքի քաղցկեղի՝ աշխարհում ամենաբարձր մահացությամբ: Վերջին երեսուն տարում Հայաստանում այս քաղցկեղը սպանել է մոտ 60 000 մարդու, այսինքն` երկու անգամ ավելի, քան 1909-ի Ադանայի ջարդը:

Սա թվում է ակնհայտ, բայց եթե մարդ դպրոցում կարգին չի անցել ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա, ապա այս ամենը նրա համար մնում է ինչ-որ աղոտ հանելուկ, իսկ գիտությամբ առաջնորդվելը թվում է մի անիմաստ զբաղմունք: Ավելին, անգամ տգետ մարդը հետաքրքրասեր է և միշտ պատասխան է փնտրում, և նա այն «գտնում» է ծուռումուռ դավի տեսություններում, որը լսել է հարևան Վալոդ ձ’յայի  բամբասանքներից:

Եվ որքան այդ տեսությունները պարզ են, այնքան լավ: Օրինակ, տեսեք որքան գայթակղիչ է հնչում հետևյալը. «Բիլ Գեյթսը սաղին ուզում է չիպավորել»: Գայթակղիչ է, որովհետև մի կողմից իր մեջ կրում է առեղծվածային «չիպը» որպես մի գերբնական սարք (եթե մարդը մի քիչ հասկանա, թե ինչպես է աշխատում իրեն շրջապատող էլեկտրոնիկան, ապա նրան պարզ կլինի այս վարկածի կատարյալ անհեթեթությունը), իսկ մյուս կողմից ստեղծում է մի չար դերակատար, որի վրա կարելի է բարդել աշխարհի բոլոր պրոբլեմները: Չէ՞ որ «սաղ գիտեն», որ հարուստ մարդը լավը չի կարող լինել:  Հետո ինչ, որ հազարավոր օտարազգի մեծահարուստների օգնությունը  ժամանակին փրկել և որբանոցներում մեծացրել է ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուր հազարավոր հայ մանուկների (բայց սրա համար էլ սեփական պատմությունն է պետք իմանալ):

Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ...

Ապագան
Ես ամեն առիթով (և առանց առիթի) ամեն տեղ ասում եմ նույնը` Հայաստանի ապագան առաջին հերթին ամուր կրթությունն է և ուժեղ գիտությունը: Այս րոպեին Հայաստանը պետք է փրկել կորոնավիրուսից և կարծես շատ ուշ է խոսել կրթությունից, քանի որ դրա արդյունքների համար տարիներ և տասնամյակներ են հարկավոր: Բայց երաշխավորում եմ՝ նման համաճարակներն ու արտակարգ իրավիճակները ապագայում էլ կլինեն, և դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է գիտությունը դպրոցում ուսանած հասարակություն:

Ես շատ ուրախ եմ, որ 2018-ից հետո տեսնում եմ հայաստանյան զարգացող ժողովրդավարությունը: Բայց այդ ժողովրդավարությունն ամրապնդելու համար պետք է իրազեկված, կրթված, իր պատմությունն իմացող ընտրազանգված, որը կուլ չի գնա քաղաքական դեմագոգիաներին և էժան շահարկումներին: Ես նաև ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է բարգավաճում հայկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը: Բայց այդ արդյունաբերությունը առաջ չի գնա, եթե այն չունենա լավ կրթված, բարդ գիտելիքների տեր մասնագետներ: Ու մի բան էլ ավելին` Հայաստանը այնքան պրոբլեմներ ու թշնամիներ ունի, որ մեզ համար «լավը» բավական չէ, մեզ անհրաժեշտ է լավագույնը:

Եվ այս ամենի կրթությունը սկսվում է ոչ թե «կորպորատիվ թրեյնինգների» ժամանակ, ու ոչ էլ անգամ համալսարաններում, այլ հենց առաջին դպրոցի առաջին դասարանի առաջին օրը:

(Visited 48 times, 1 visits today)