Պարզվում է Ռուսաստանում ընդդիմադիր լրագրողներին թունավորելը դարձել է սովորական երևույթ

Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի առավոտյան ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, նա կոմայի մեջ է։ Հստակ ախտորոշում դեռ չկա, կասկածվում է թունավորում թեյի միջոցով։
Ալեքսեյ Նավալնի

Այնինչ փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանում նմանատիպ գործերը վերջնականապես չեն բացահայտվում։
Պյոտր Վերզիլով
Պյոտր Վերզիլով

2018թ․-ի սեպտեմբերի 11-ին «Մեդիազոնի»-ի հրատարակիչ և Pussy Riot խմբի անդամ Պյոտր Վերզիլովին ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Նա գրեթե կորցրել է տեսողությունը, խոսելու և շարժվելու կարողությունը։ Գերմանացի բժիշկները հաստատել են Վերզիլովի և նրա հարազատների կասկածները՝ ծանր վիճակի պատճառը թունավորումն է եղել։ Սակայն չեն կարողացել պարզել, թե ինչ նյութ է օգտագործված եղել։ Թունավորումից անմիջապես հետո Վերզիլովի փաստաբանը դիմել է իրավապահ մարմիններին՝ դատական գործ սկսելու համար։ Սակայն ավելի քան մեկ տարի անց նա մերժում է ստացել։ Դատախազության պնդմամբ՝ մերժման մասին որոշումը չեղյալ է հայտարարվել և հետաքննությունը վերսկսվել է, սակայն մինչ օրս գործ չի հարուցվել։ Ընդ որում, Վերզիլովի դեմ է քրեական գործ հարուցվել՝ Կանադայի քաղաքացիությունը թաքցնելու կասկածանքով։
Վլադիմիր Կարա-Մուրզա
Վլադիմիր Կարա-Մուրզա
Վլադիմիր Կարա-Մուրզա

2015թ․-ի մայիսի 26-ին ընդդիմադիր ռուս լրագրող, «Բաց Ռուսաստան» հիմնադրամի համակարգող Վլադիմիր Կարա-Մուրզային հոսպիտալացրել են «սուր երիկամային անբավարարություն» ախտորոշմամբ: Սկսել է վատանալ նրա երիկամների, սրտի ու թոքերի աշխատանքը, որից հետո նա կոմայի մեջ է ընկել։ Նրա փաստաբան Վադիմ Պրոխորովի պնդմամբ՝ հրավիրված բժիշկը Կարա-Մուրզայի ապաքինման հավանականությունը գնահատել է 5%, բայց մի քանի օր անց լրագրողն սկսել է ուշքի գալ: Ֆրանսիացի մասնագետների կողմից կատարված փորձաքննությունը նրա օրգանիզմում հայտնաբերել է ծանր մետաղների բարձր խտություն։ Կարա-Մուրզան կարծում է, որ իրեն թունավորել այնպիսի նյութերով, որոնք հասանելի են միայն հատուկ ծառայության աշխատակիցներին։
2017թ․-ի փետրվարին նրան նորից հոսպիտալացրել են նմանատիպ ախտանիշներով։ Մոսկվայի 79-րդ հիվանդանոցի՝ այն ժամանակվա գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն խոսել է «նախորդ իրավիճակի կրկնության» մասին, սակայն պնդել է, որ թունավորման մասին խոսելու հիմքեր չկան: Ավելին, նա բացառել է նախորդ թունավորումը։
2015 թ-ի դեկտեմբերին՝ առաջին հոսպիտալացումից կես տարի անց, Կարա-Մուրզան քաղաքական և գաղափարական ատելության շարժառիթներով սպանության փորձի դիմում է ներկայացրել: Քննչական կոմիտեն մերժել է գործի հարուցումը։ Երկրորդ թունավորումից մեկ տարի անց՝ 2018 թ-ին, ՔԿ-ն ստուգումներ է սկսել, որի շրջանակներում քննիչները հարցաքննել են Կարա-Մուրզային և նրա կնոջը: Լրագրողի երկրորդ թունավորման հանգամանքների ստուգումն իրականացրել է նաև ՀԴԲ-ն, սակայն արյան անալիզի արդյունքները, որոնք ընտանիքը փոխանցել է ամերիկյան հատուկ ծառայության թունաբանական լաբորատորիային, գաղտնի են պահվել։
Սերգեյ Մոխով
Սերգեյ Մոխով
Սերգեյ Մոխով

2016 թ-ի նոյեմբերի 25-ի երեկոյան հայտնի մարդաբան, ՖԲԿ-ի իրավաբան Լյուբով Սոբոլի ամուսին Սերգեյ Մոխովը, դարձել է հարձակման զոհ՝ սեփական տան մուտքի մոտ: Նրա վրա հարձակվել է մի երիտասարդ և ազդրի մեջ անհայտ հեղուկ ներարկել։ Հարձակումից հետո տուժածին տեղափոխել են Սկլիֆոսովսկու ինստիտուտ, որտեղ նրա վիճակը կայունացել է։ Սակայն չեն կարողացել բացահայտել, թե ինչ հեղուկ է ներարկված եղել։ Բժիշկը դա բացատրել է նրանով, որ նյութը արագ լուծվել է օրգանիզմում։ Սոբոլն ու Նավալնին ենթադրել են, որ հարձակումը կարող է կապված լինել այն հետաքննությունների հետ, որոնք նրանք վարում էին Կրեմլին մոտ կանգնած գործարար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ. նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հետագայում վարկած էին տարածել, որ մահափորձը բեմադրություն է եղել: Ոստիկանությունը մեկուկես ամիս շարունակ ստուգել է առկա նյութերը։ Ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է։
Աննա Պոլիտիկովսկայա
Աննա Պոլիտկովսկայա

Աննա Պոլիտկովսկայա

2004 թ-ի սեպտեմբերի 1-ին չեչեն գրոհայինները գրավեցին Բեսլանի դպրոցը։ Իմանալով այդ մասին, «Նովայա գազետա»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայան որոշել է թռչել ահաբեկչության վայր, որպեսզի բանակցություններ անցկացնի։ Նա ասում էր, որ նման «աննախադեպ դաժանության ակցիա» իրականացնելով՝ չեչեն անջատողականներն ստորագրում են իրենց դատավճիռը, և ցանկանում էր կանգնեցնել նրանց։ Այդ ժամանակ նա հայտնի էր ռուսական բանակի կոռուպցիայի և Չեչնիայում ռազմական հանցագործությունների իր հետաքննություններով։ Դոնի Ռոստով ուղևորվող ինքնաթիռում Պոլիտկովսկայան հրաժարվել է օդանավի սննդից և միայն թեյ է խնդրել, արդեն մի քանի րոպե անց նա սկսել է վատ զգալ: Վայրէջքից հետո ծանր վիճակում նրան շտապ տեղափոխել են։ «Կարատ» ավիաընկերությունում, հայտարարել են, որ թեյի միջոցով նրան թունավորել չէին կարող, քանի որ այն լցնում են ընդհանուր թեյնիկից, իսկ մյուս ուղևորները չեն բողոքել: Պոլիտկովսկայան կասկածում էր, որ մահափորձը կատարել են ԱԴԾ-ի երեք աշխատակիցներ, որոնք քողարկված որպես սովորական ուղևորներ թռչում էին բիզնես դասով: Երկու տարի անց Պոլիտկովսկայան գնդակահարվել է Մոսկվայի իր տան մուտքի մոտ։ Դատախազությունը հրաժարվել է գործ հարուցել սպանության փորձի փաստով՝ չգտնելով հանցագործության նշաններ թունավորման մեջ։

Յուրի Շեկոչիխին
Յուրի Շեկոչիխին

2003 թ-ի հունիսի 3-ին Մոսկվայում մահացել է «Նովայա գազետայի» լրագրող, «Յաբլոկո» խմբակցության Պետդումայի նախկին պատգամավոր Յուրի Շչեկոչիխինը։ Նա հայտնի է եղել ուժային գերատեսչությունների միջև կոնֆլիկտների մասին նյութերով։ «Նովոյ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Սոկոլովը Շչեկոչիխինի մահվան հանգամանքների լրագրողական հետաքննության ժամանակ գրել է. «Երկու շաբաթվա ընթացքում այն մարդը, որը հիսուն տարեկանից քիչ ավելի է, վերածվել է ծերունո (ակնթարթային ծերացման էֆեկտ): Հերթով բոլոր ներքին օրգաններն սկսել են չգործել, մաշկը պլոկվում էր, մազերը թափվում էին, ամբողջ մարմինը վառվում էր այրվածի պես և անհնար էր շնչելը»: Ավելի ուշ լրագրողները ենթադրել են, որ Շչեկոչիխինը թունավորվել է այն նույն թույնով, ինչ Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, այսինքն՝ «Նովիչոկ»-ով։
Շչեկոչիխինի մահվան փաստով հետաքննությունը բացել և փակել են մի քանի անգամ։ 2007 թ-ին հետաքննություն է սկսվել, իսկ 2008-ի ապրիլին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, որը, սակայն, մեկ տարի անց փակել են «հանցագործության դեպքի բացակայության պատճառով»։ Այն կրկին վերսկսել են 2010 թ-ի սեպտեմբերին՝ «նոր տվյալների» հետ կապված, բայց հետո նորից փակել են նույն հիմքով՝ «հանցագործության դեպքի բացակայության պատճառով»։

Ծաղրանկարը՝ DW-ի ծաղրանկարիչ Սերգեյ Յոլկինի:

(Visited 268 times, 1 visits today)