«Պահանջել Եմ, Որ Գլխիս Անձրևանոց Պահեն, Գրիմի Իմ Պարագաներն Առանձին Պահեն». Ինչ Պայմաններով Է Ալեքսանդր Բաբասյանը Համաձայնում Նկարահանվել

Արտերկրում լայն տարածում ունի «ռայդեր» ասվածը, որը ներկայացնում է հայտնի մարդու պահանջները որևէ նախագծի կամ միջոցառման մասնակցելիս: Հաճախ «աստղային ռայդերները» զարմացնում են իրենց տարօրինակություններով ու կամակորություններով:

Հայաստանում «ռայդեր» ասվածն ավելի հաճախ տեխնիկական է, չնայած հայ հայտնիներն էլ իրենց կամակորություններն ունեն Դերասան Ալեքսանդր Բաբասյանի պահանջները շատերին, գուցե, տարօրինակ թվան, օրինակ, մի անգամ նա պահանջել է, որպեսզի իր գլխին անձրևանոց պահել՝ նկարահանման վայր հասնելու համար: Վերջինս շեշտում է՝ պահանջներ ներկայացնելուց զատ ինքը միշտ հավուր պատշաճի է ներկայանում նկարահանումներին, իր պահանջներն էլ ինքնանպատակ չեն:

Մեր պահանջները չի կարելի «ռայդեր» կոչել: Ինքս «ռայդեր» ասվածին առաջին անգամ ծանոթացա, երբ ինձ հրավիրել էին ԱՄՆ՝ վարելու անվանի հայ մարդու ընտանեկան 3 միջոցառում: Ինձ մեյլով ուղարկեցին «ռայդեր», որտեղ նշված էր ընդհուպ պատուհանից բացվող տեսարանը, սրբիչի նախընտրելի գույնը, սպասարկող մեքենան: Ինձ թվում էր՝ մեկնելու եմ ոչ թե առիթ վարելու, այլ հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ հայ պատվիրատուները սովորաբար նման բաների ուշադրություն չեն դարձնում, անգամ, եթե արտերկրում են ապրում, նա արձագանքեց,- այդ մարդիկ, ոչ թե Հայաստանից են տեղափոխվել ԱՄՆ, այլ Արգենտինայում են ծնվել, մեծացել, հետո տեղափոխվել ԱՄՆ: Իրենց մենթալիտետի մեջ դա կար, ֆինանսական հնարավորություններն էլ թույլ էր տալիս նման բան անել: Շատ եմ ափսոսում, որ հարսանիքը չեղարկվեց ու չմեկնեցի, խոստացել են՝ հենց իրենց որդին ամուսնանա, ես եմ վարելու առիթը: Սպասում եմ»:

Ըստ դերասանի՝ այն, ինչ ինքն է պահանջում սերիալներում նկարահանվելու համար, նվազագույնն է: «Գուցե իմ ասածն արտասովոր է, բայց ես ներկայացնում եմ դերասանի մինիմալ պահանջները: Որևէ ֆիլմում ինձ հագուստ չեն տրամադրել, ինքս գնում եմ իմ հագուստը, սակայն իմ պահանջն է, որ իմ հագուստը կարգուկանոնով տանեն, բերեն, դասավորեն, արդուկեն: Ժամանակին նույնիսկ իմ փոքր արդուկն էի հետս տանում նկարահանման հրապարակ: Այն Շվեդիայից էի գնել և շատ որակյալ էր: Իրենց արդուկով, գուցե, այրեին իմ հագուստը: Եթե անգամ արդուկած հագուստս կախիչով բերում եմ, մեքենայի մեջ այն ծալվում է: Սկզբում մեր «կոստյումերն» ասում էր՝ առաջին անգամ եմ տեսնում դերասանի, որն ասում է՝ հագուստս արդուկեք, որպեսզի նկարահանվեմ: Չեմ ուզում որևէ մեկին քլնգել, բայց ես չեմ ծալում իմ հագուստը, հետո հագնում, որ նկարահանվեմ: Ինձ համար դա նորմալ պահանջ է»,- ասաց նա, իսկ հարցին՝ ինքը չի՞ կարող մեքենայից բերել իր հագուստը, արձագանքեց, որ, երբեմն, ինքն է բերում, իսկ երբ զբաղված է, կոստյումերին է խնդրում այդ մասին:

Ալեքսանդրը նշեց, որ պահանջկոտ է նաև դիմահարդարման հարցում. «Կայարան», «Դեպի վայրէջք», «Դեպի երազանք» սերիալներում իր տարած պարագաներով են իրեն գրիմ արել: Ըստ նրա՝ նման խնդիր չունի «Պատվից առավել» նախագծում, որտեղ ունի իր համար առանձնացված պարագաներ: «Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, որովհետև կան իմ անվանական  պարագաները: Ես ասել եմ, որ ինձ գրիմ չանեն նույն պարագաներով, ինչպես մյուս դերասաններին են անում: Իմ սպունգի վրա գրված է Սաշ և առանձին է պահվում: Ինձ համար դա կարևոր հարց է: Նախորդ սերիալներում ամեն անգամ իմ պարագաներն առանձին տանում էին, լվանում ու առանձին պահում կամ ես էի տանում-բերում: Ինձ հաճախ ասում են, որ իմ պահանջկոտ լինելու արդյունքում իմ հանդեպ ավելի պատասխանատու են»,- ասաց նա:

Հարցին՝ մյուս դերասանների մոտ խնդիր չի՞ առաջանում, երբ միայն իր պարագաներն են առանձնացվում, նա պատասխանեց. «Գործընկերներիս մոտ երբեք չի կարող խնդիր առաջանալ: Կարծում եմ՝ բացի նախանձից ուրիշ ոչինչ չի կարող առանձնանալ: Շատ ժամանակ զգում եմ նախանձ, սակայն չեմ ասում, գուցե, դա նախանձ էլ չէ, պարզապես ցանկություն է, որ իրենց մոտ էլ այդպես լինի: Կարծում եմ՝  դա մեզնից է կախված: Եթե դերասանը չպահանջի, չեն անի: Ես ասում եմ, որ չեմ նկարահանվի, եթե այդ պահանջները չբավարարվեն: Դրանում ամոթալի բան չկա, դա լավ բան է՝ իմ ցանկությունն է, ես ահավոր զզվող եմ: Հիմա մեր ֆիլմում ամեն ինչ լավ է, դրա համար իմ պարագաները չեմ տանում, թե չէ ամեն ինչ ունեմ»,- ասաց նա ու հավելեց, որ տարբեր քսուկների ու պարագաների մեծ տեսականի ունի: Առօրյայում էլ նա մեծ ուշադրություն է դարձնում խնամքին: «Կինս՝ Լիլիթը, մեկ-մեկ ասում է՝ կարծես մեր տան կինը դու լինես, ես 30 րոպեում եմ պատրաստվում, դու՝ 1 ժամում»,- ծիծաղելով ասաց Ալեքսանդրը:

Անդրադառնալով մեզ հասած տեղեկությանը, որ մի անգամ պահանջել է, որ իր գլխին անձրևանոց պահել՝  նա ասաց. «Այո՝ ասել եմ, գնացեք անձրևանոց ճարեք, բերեք, պահեք գլխիս, որ ես գնամ մեքենայի մեջ նկարահանվելու, որպեսզի մազերս ալիքավոր չդառնան, կոստյումիս վրա էլ անձրև չգա: Իմ կոստյումն «Էմպորիո Արմանի» բրենդից է, մազերս հարդարում եմ իմ սեփական միջոցներով: Իմ մազերն ալիքավոր են, եթե անձրևի տակով քայլեմ, հարդարումը փչանա: Հազվադեպ դերասաններից եմ, որ անընդհատ համաձայնեցնում եմ ժամը, որպեսզի մեկ օր առաջ հարդարած մազերով չգամ նկարահանման: Իրենց էլ է դուր գալիս, որ դերասանը կոկիկ է,- ասաց նա, իսկ դիտարկման, որ կարող է ինքն անձրևանոց պահել իր գլխին, արձագանքեց,- ես դերասան եմ՝ արտիստ եմ, դա իմ ցանկությունն էր: Ես իմ միջոցներով եմ գալիս նկարահանման և ցանկացել եմ, որ անձրևանոց պահեն, որպեսզի առանց խոչընդոտի հասնեմ նկարահանման վայր: Անձրևանոցն իմը չէ, որ ես պահեմ: Դա մեծամտություն չէ: Դա մինիմալ ցանկություն է, պարզապես մեր սերիալարտադրության համար ամեն ինչն է արտասովոր»:

Նա ասաց, որ եղել են նախագծեր, որտեղ չի օգտվել նաև ընդհանուր սննդից, սակայն «Պատվից առավելը» դրական կերպով առանձնանում է նաև այդ առումով. «Անուններ չեմ նշի, սակայն եղել են ֆիլմեր, որոնցում նկարահանվելիս ամեն օր իմ սնունդը տարել եմ, չեմ օգտվել ընդհանուր սննդից»:

Նրա պահանջներից է նաև, որ սցենարն իրեն տան նախապես և տպագիր, քանի որ սկզբունքորեն հեռախոսով սցենար չի կարդում: «Դա ինքնանպատակ չէ: Ես նախապես տպագիր պահանջում եմ տեքստը, բայց և այն սովորած եմ գալիս նկարահանման: Հրապարակում չեմ ծանոթանում օրվա սցենարին: Ինձ համար պարտադիր է անընդհատ շփվել սցենարիստի, պրոդյուսերի հետ: Կերպարը հասկանալու համար սցենարիստի հետ շփումը շատ կարևոր է: Սկզբնական շրջանում, երբ նոր էի մուտք գործել «Պատվից առավել», գրեթե, ամեն օր կես կամ մեկ ժամ խոսում էի Ելենա Արշակյանի հետ, սցենարիստի հետ էլ էի շատ երկար խոսում: Նույնը եղել է «Դեպի երազանքի» ժամանակ: Այդ նախագիծն ինձ համար բարդ էր, որովհետև 2 տարի 2 բացասական դեր խաղալուց հետո 1 օրում սկսեցի նկարահանվել բարի կերպարով: Գուցե, սցենարիստն ասի՝ ես սցենարը գրել, ուղարկել եմ, բայց ես նախապես ասում եմ, որ դա ինձ համար կարևոր պահանջ է: Ես իմ դերերն ընտրում եմ՝ իմ յուրաքանչյուր կերպար հիշվող ու սիրված է»:

(Visited 86 times, 1 visits today)