Միայն խավարամիտները կարող են համոզված լինել, որ եթե ինչ-որ հարցում համաձայն չես Ռուսաստանի հետ, ուրեմն ապավինում ես Արևմուտքին ու հակառակը

Միայն խավարամիտները կարող են համոզված լինել, որ եթե ինչ-որ հարցում համաձայն չես Ռուսաստանի հետ, ուրեմն ապավինում ես Արևմուտքին ու հակառակը…

Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ արդեն քանի-քանի դար չենք կարողանում ձերբազատվել
մեր հավաքական գիտակցության մեջ արմատացած այս հիվանդագին ախտից:

Կրկին օրակարգ է նետվել ռուսամոլության ու ռուսատյացության չափից դուրս վտանգավոր քննարկումները:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ մեր մեջ, ցավոք սրտի, այդպես էլ չի ձևավորվում ՀՀ քաղաքացու կերպարը, տեսակը, արժեհամակարգը, մենք այդպես էլ մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը՝ դեգերումների, անհույս որոնումների, ինչ-որ փրկության հույս գտնողների սին մտայնությամբ…

Լսե´ք, սա Հայաստանի Հանրապետությունն է: Մեր պետությունը ճանաչված է որպես անկախ, ինքնիշխան պետություն ու հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ:

Մեր խնդիրը, մեր դիրքորոշումը ոչ թե պետք է լինի կողմնորոշումը դեպի Ռուսաստան, Ամերիկա, կամ Եվրոպա, մի քիչ էլ Չինաստան, այլ սեփական պետության պետական շահի գիտակցման ու դրանով առաջնորդվելու մեջ…

Որքա՞ն դժվար է հասկանալ, որ նույնքան անընդունելի պետք է լինի Պուտինյան Ռուսաստանը, նույնքան և դեմոկրատական Ամերիկան, կամ մեռնող Եվրոպան, եթե նրանց քաղաքականությունն այս կամ այն կերպ հակասում է Հայաստանի պետական ու ազգային շահերին:
Միայն խավարամիտները կարող են համոզված լինել, որ եթե ինչ-որ հարցում համաձայն չես Ռուսաստանի հետ, ուրեմն ապավինում ես Արևմուտքին ու հակառակը…
Սա ի՞նչ ինքնաոչնչացման մտայնություն է և մազոխիստի ձեռագիր…

Եթե բացարձակ անկախությունը ուտոպիա է, ուրեմն՝ բացարձակ ստրկամտածողությունն էլ անբարոյականություն է ու վերջնական կործանման ազդանշան…

Մեր պատմության տարբեր փուլերում մեր ժողովրդին մշտապես կանգնեցրել են դիլեմայի առաջ՝ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ, Արևմու՞տք, թե՞ Արևելք, Ամերիկայի Միացյալ Նահագնե՞ր, թե՞ Ռուսաստան:

Մեզանից միշտ պահանջել են արտաքին քաղաքական կողմնորոշում՝ շատ դեպքերում ի հաշիվ մեր պետական ու ազգային շահերի:

Եվ մենք հաճախ տուրք ենք տվել այդ պահանջներին ու տանուլ տվել…
Մեզանից միշտ տարել են, մեզանից միշտ պահանջել են՝ թողնելով փշուրներ կամ ոչինչ…

Իմ պատկերացրած Հայաստանի համար անընդունելի է որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշում, իսկ ավելի վտանգավոր՝ որևէ աշխարհաքաղաքական առանցքին գերակայություն տալը:
Մենք որևէ մեկին հլու-հնազանդ ծառայելու խնդիր չունենք, մենք ունենք մեր շահերը համադրելու, Հայաստանը գլոբալ շահերի համադրման առանցք դարձնելու խնդիր…

Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում մենք պետք է դեմ լինենք որևէ ՄԵՏ-ությանը:

Մենք միայն Արևմտամետ չենք, մենք միայն ռուսամետ չենք, իսկ ամենակարևորը՝ մենք հակաարևմտամետ ու հակառուսամետ չենք և չպետք է լինենք:

Ինքս աշխարհի հետ խոսելու, նրա հետ հարաբերվելու մի բանաձև գիտեմ: Դա Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու լեզուն է…

(Visited 56 times, 1 visits today)