Հանդիպումներ եմ ունենում կուսակցությունների լիդերների հետ. ոմանց սաստում եմ.Պարգև սրբազան


Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանն իր տեսիլքների, եկեղեցու և հավատի դերի, եկեղեցին թիրախավորելու, «հողեր հանձնելու» դիսկուրսի և հանրության մեջ թշնամանքի ու ատելության մասին է խոսել: Aysor.am-ի հարցին,թե եկեղեցու այդ ինչ հսկայական հարստության մասին է խոսվում հանրության շրջանում, նա պատասխանել է.
«Լեգենդներ էին պտտվում, մենք էլ կարծում էինք, որ այդպես է: Գիտեք, ես մինչև ճեմարան ընդունվելը լսում էի, որ աշխարհի ամենահարուստ հաստատությունը Հայ առաքելական եկեղեցին է, անսահման գանձեր ունի, բայց երբ ճեմարանն ավարտեցի, հոգևորական դարձա, հասկացա, որ մեր ամբողջ կարողությունը Վազգեն կաթողիկոսի ժամանակ Շվեյցարիայի բանկում 4 մլն 800 հազար դոլար էր , որից տարեկան, կարծեմ, մեկ թե մեկ ու կես տոկոս էինք ստանում։ Ասացի՝ կներեք սա մի ցեխավիկից էլ պակաս փող է։ Ասացինք սա է մեր կարողությունն ընդամենը։ Բայց այնպիսի լեգենդներ էին պտտվում, դե մենք էլ բոլորս կարծում էինք այդ է՝ մի տաս տարի, եթե ազգն աղքատանա, հայ եկեղեցին իր սունդուկները կբացի և կպահի։ Պարզվեց, որ դրանք կատարյալ հեքիաթներ են, դա հին կոմունիստական պրոպագանդայի ձևեր են»։
Հարցին, թե հիմա էլ է այդպես,Պարգև սրբազանն ասել է.«Հիմա ի՞նչ ունենք. 5 մլն դոլար չունենք, 8 մլն ունենք, ի՞նչ տարբերություն, դա ի՞նչ փող է։ Մայր աթոռը տարեկան մի քանի մլն դոլար դեֆիցիտ ունի, որ պետք է դրսից, մի տեղից ճարի, որ կարողանա այդ ծախսերը փակել։ Նույնն էլ Արցախի թեմը. բյուջեի մոտ 50 տոկոս դեֆիցիտ ունենք, սրան նրան պետք է խնդրենք մի քիչ օգնեն, որ նվազագույն աշխատավարձ տանք։ Մարդիկ կան, որ 30, 28 հազար դրամ աշխատավարձ են ստանում թեմում։ Ի՞նչ հեքիաթային հարստությունների մասին է  խոսքը, ես զարմանում եմ»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք եկեղեցին էլ իր մեղավորությունը չունի, որ արդեն տևական ժամանակ է հասարակության մեջ մեծ լարվածություն, ատելություն ու թշնամամք կամ իրար հանդեպ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ասել է.
«Ամեն ինչում եկեղեցին մեղավոր է և ես դա անկեղծ եմ ասում։ Ինչ-որ մի տեղ մենք թերացել ենք, ինչ-որ մի տեղ շատ չենք քարոզել, ժամանակին միգուցե չենք զգուշացրել կամ լավ տեղյալ չենք եղել, լավ չենք վերլուծել։ Իհարկե, ինչ իրավիճակ տիրում է ժողովրդի մեջ, առաջին հերթին մենք ենք մեղավոր։ Սա ես անկեղծ եմ ասում։ Մենք հոգևոր ծնող ենք, զավակների հետ այդպիսի բան է կատարվում՝ մեղավոր է ծնողը։ Սա անխուսափելի է և մեր մեղավորության բաժինը կա։ Ես բան չունեմ ասելու։ Կան և օբյեկտիվ պատճառներ, կան և սուբյեկտիվ պատճառներ։ Եկեղեցու պատճառով չէ, որ այս բաները ստեղծվել են. քաղաքական, տնտեսական գործիչների, չինովնիկների պատճառով։ Սրանք օբյեկտիվ պատճառներն են և դրանք պետք չէ բարդել եկեղեցու վրա։ Այլ բան է, եթե մեր ուժերը հերիքեր ավելի շատ հոգևորական ունենայինք, ավելի շատ տներ մտնեինք, ավելի շատ քարոզեինք միգուցե այդ պատկերն այլ կերպով դրսևորվեր։ Կա մեր մասնաբաժինը»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ եկեղեցին հաշտեցնող նախաձեռնություններով հանդես չի գալիս, Արցախի թեմի առաջնորդն ասել է, որ այնպես չէ, որ եկեղեցին նման նախաձեռնություններով հանդես չի գալիս։
«Ո՞վ ասաց չի գալիս, ես օրինակ մեր բոլոր կուսակցություններին, նախագահի թեկնածուներին հրավիրեցի առաջնորդարան, ասացի, որ գրավոր պետք է ստորգարեք, որ համերաշխ պետք է ընթանան մեր ընտրությունները, սահուն, ժողովրդավար ձևով, խրամատներ չփորվեն մեր ժողովրդի մեջ, բոլորդ իմ հոգևոր զավակներն եք։ Հետո ես հանդիպումներ եմ ունենում կուսակցությունների լիդերների հետ, թեկնածուների հետ համերաշխության կոչ եմ անում, ոմանց դիտողություն եմ անում, ոմանց սաստում եմ, ոմանց ուղղում եմ։ Ո՞վ ասեց, որ չենք միջամտում, այո, միջամտում ենք, ես կարող եմ մեր թեմի մասին խոսել, ուրիշ թեմերի համար ես իրավունք չունեմ խոսելու, չեմ տիրապետում», — ասել է Պարգև սրբազանը։

(Visited 120 times, 1 visits today)