Ինչ է տեղի ունեցել Գուրգեն Խաչատրյանի անհետանալու նախօրեին. Նա կինոյի պես է հայտնվելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների քթի տակից եւ այն էլ որերորդ անգամ։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել «անհետանալու» նախօրեին։

Մեր աղբյուրները պատմեցին, որ Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչեւ օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով  սպասել են նրան, որ ձայնագրեն։ Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ եւ նկարագրել ողջ գործընթացը։

Իսկ որտեղ է Գուրգեն Խաչատրյանը եւ ինչ պլաններ ունի։ Չէ որ յուրաքանչյուր անձ, որը փախուստի է դիմում, պետք է աչքի առաջ ունենա Վանո Սիրադեղյանի կամ Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Հավերժ թաքնվել ՀՀ իրավապահներից, նշանակում է ապրել թաքուն կյանքով, երկրից հեռու, կամ՝ մի նկուղում թաքնված։

Մեզ հայտնի է դարձել, որ Գուրգենը Խաչատրյանը Հայաստանից չի հեռացել, նա պաշտպանված մի կառույցում է եւ պատրաստվում է ներկայանալ։ Ընդ որում, դա արվելու է կինոյի նման՝ անակնկալի բերելով հետաքրքրվածներին եւ մոտ ապագայում։ Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան օրեր։ Մեզ ասացին, որ մինչ այդ եւ դրանից հետո էլ կլինեն աղմկոտ բացահայտումներ՝ ձայնագրությունների, տեսանյութերի տեսքով, որոնք կապացուցեն Գուրգեն Խաչատրյանի պնդումների ճշմարտացիությունը»:

(Visited 36 times, 1 visits today)