«Էյր Արաբիա»-ի մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրող կստեղծվի

 Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին եւ ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:
Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի նստավայրից եւ նշել, որ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:

Ավիափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի եւ Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ:

«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, ովքեր հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, եւ ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում: Ակնկալում ենք ավելի շատ նախագծեր ու նախաձեռնություններ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ «Էյր Արաբիա» ավիաընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում նոր խթան կդառնա ավիափոխադրումների ոլորտի զարգացման համար:

Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ «օդային նոր կամուրջը եւ հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ առեւտրատնտեսական եւ գործարար կապերի ամրապնդմանն ուղղված եւս մեկ հուսալի քայլ»:

Հանդիպման ընթացքում նաեւ նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի:

(Visited 23 times, 1 visits today)