Ջրի հարցը լուծում ենք ու Ադրբեջանը հայտնվում է շատ վատ վիճակում․ Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյան
Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2019 թվականի հարցազրույցը, և մեկնաբանել հետևյալ գրառմամբ․
Իսկապես ուրախ եմ մեր երկրի (ներառյալ Արցախը) համար, որ գնում ենք (իմ պատկերացմամբ) ճիշտ ճանապարհով։ Շատ ենք խոսել ջրի կարևորության, Ադրբեջանի դեմ ջրային չափազանց կարևոր լծակ ձեռք բերելու մասին, որ մենք հսկա պոտենցիալ ունենք այս ոլորտում։
Արցախում դրական լուրջ տեղաշարժեր կան այս համատեքստում։ Միայն ջրամբարաշինությունը բավական չէ, անհրաժեշտ է ջրամբարի ջուրը ջրանցքի կամ խողովակաշարի միջով ուղարկել ոռոգման, որին սովորաբար բաժին է ընկնում ամբարված խմելու ջրի 70 տոկոսը (ամենամեծ մասը)։
Ես նկատել էի, որ Արայիկ Հարությունյանը անգամ նախքան Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելը, մեծ կարևորություն է տվել Արցախի ջրային նախագծերին։ Եվ ուրախալի է, որ Արցախում հայտարարվել է ջրային «Դարի նախագծի» մասին։
Միահամուռ ուժերով, համատեղ ու արդյունավետ աշխատելու դեպքում հնարավոր կլինի էական արդյունքներ գրանցել ջրային ոլորտում։ Ճիշտ է՝ դա պարունակում է որոշակի ռիսկեր, բայցևայնպես, անհրաժեշտ է գնալ այս ճանապարհով և պատրաստ լինել ռիսկերին դիմագրավելուն։
Նշենք, որ օգոստոսի 3-ին Արցախի կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց «դարի նախագծի»՝ Սարսանգի ջրամբարի ջրերը Մարտակերտի և Ասկերանի շրջանների միջով խողովակաշարով Մարտունու շրջան հասցնելու մասին:
«Դարի պրոյեկտը» թույլ կտա ոռոգովի դարձնել 30 հազար հեկտար տարածք: Ծրագրով նախատեսվում է ապահովել 30 հազար հեկտար ինքնահոս ջրով ոռոգվող տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: