Ավազակային հարձակում՝ Վաղաշենում. ծեծել է 90-ամյա կնոջը, ապա պոկել ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 5-ին,  դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին:

Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները  ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում  տաք հետքերով   պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել  նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:

Պարզվել է, որ նա դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել,  բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը,  պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ադիբեկ Մ.-ի մոտ   հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակը: Հայտնաբերվել է նաև տարեց կնոջ պարանոցից հափշտակած կաղազարդն ու ականջօղերից մեկը:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մելքոնյանը ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացել է Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

(Visited 44 times, 1 visits today)