Ինչու են Աթլետիկոյի ստադիոնի խոտածածկին միշտ ծաղիկներ դրված

«Աթլետիկոյի» երկրպագուներն այս գեղեցիկ ավանդույթը սկզբում իրականացնում էին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ հետո նաև «Վանդա Մետրոպոլիտանոյում»: Մեխակներով ծաղկեփունջ կարելի էր նկատել նաև այսօր՝ «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

Ամեն ինչ սկսվել է 1995 թվականի հունիսին, երբ Ռադոմիր Անտիչը դարձել է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչն ու ակումբի նախագահ Խեսուս Հիլին ներկայացրել իր տրանսֆերային ցանկությունները: Կարդալով այդ ցանկը՝ ակումբի այդ ժամանակվա նախագահը սկսել է ծիծաղել.

Միլինկո Պանտիչ, 29 տարեկան, «Պանիոնիոս», Հունաստանի առաջնություն: Լո՞ւրջ: Չէ՞ որ նա չի կարողանա խաղալ Իսպանիայի առաջնությունում:

«Աթլետիկոյի» մենեջերներից և ոչ մեկն այս խնդրանքը լուրջ չընդունեց: Բոլորը մտածում էին, թե Անտիչը իր վաղեմի սերբ ծանոթի համար փորձում է լավ պայմաններ ապահովել: Համառելը ռիսկային էր և ոչ այդքան ձեռնտու, բայց մարզիչը, չգիտես ինչու, շարունակեց պնդել: Նույնիսկ մի տեսաերիզ ցույց տվեց՝ Պանտիչի խաղի տեսագրությամբ:

-Դուք չեք զղջա,- խոստացավ նա ղեկավարությանը:

-Լավ, բայց եթե այդ տղան ձախողի, ես կարող եմ ծախսերը քո աշխատավարձից դուրս գրել,- ասաց նախագահ Հիլը:

Անտիչը պատրաստ էր ամեն ինչի, այդ իսկ պատճառով նրանք համաձայնության եկան: Մեկ շաբաթ անց «Աթլետիկոն» նոր կիսապաշտպան ունեցավ:

Պանտիչն այնքան լավ էր խաղում, որ մարզիչը նույնիսկ իր դրամապանակի համար չհասցրեց անհանգստանալ: Առաջին տուրում սերբը տուգանայինից գոլ խփեց, հետո մի քանի գոլային փոխանցում կատարեց, և շուտով սկսեց իրացնել «Աթլետիկոյի» բոլոր տուգանայինները: Մրցաշրջանի միջնամասում նրա անկյունայիններից գրեթե նույնչափ վախենում էին, որքան՝ 11-մետրանոցներից: Ամռան մոտ նա արդեն 10 գոլ էր խփել, մոտ 20 գոլային փոխանցում էր կատարել, օգնել էր «Աթլետիկոյին» դառնալ երկրի չեմպիոն ու նաև Իսպանիայի Գավաթի եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղում դարձել էր միակ գոլի հեղինակը:

Ոսկե դուբլն, իհարկե, գեղեցիկ է, բայց նույնիսկ դա բավարար չէ՝ որևէ ավանդույթով հավերժ պատմության մեջ մտնելու համար: Պանտիչին մի դեպք օգնեց:

1996 թվականի հունվարի 28-ին «Աթլետիկոյի» սովորական մի երկրպագու՝ Մարգարիտա Լուենգոն, ինչպես միշտ խաղից առաջ ստադիոնի մոտակայքում գտնվող բարերից մեկում շփվում էր իր ընկերների հետ: Հանկարծ նա պատուհանին մեխակի մի մեծ փունջ տեսավ ու ասաց մենեջերին. «Ընկերս, 4 ծաղիկ տուր: Մենք այսօր այդքան գոլ կխփենք «Աթլետիկին»:

«Ամեն գոլից հետո ես ծաղիկ էի նետում դաշտ: Մենք հաղթեցինք 4:1, այնպես որ ես իմ ունեցած բոլոր ծաղիկները նետել էի դաշտ: 4 գոլերից 2-ը «Աթլետիկոն» խփեց Պանտիչի անկյունայինից հետո, այնպես որ մեխակները ես նետու էի անկյունայինի դրոշակի մոտ»,- պատմել է Մարգարիտան:

Պատրաստվելով հերթական անկյունայինի իրացմանը՝ Պանտիչը ծաղիկները մի կողմ է նետում: Մարգարիտան այդ ժամանակ երկտող է հասցեագրում Պանտիչին ու «Աթլետիկոյի» աշխատակցի միջոցով այն հասցնում ֆուտբոլիստին. «Մի՛ նետեք ծաղիկները, չէ՞ որ դրանք ձեզ համար են»:

Ստանալով գրությունը՝ Պանտիչն այնքան է հուզվում, որ խնդրում է իր համար գտնել այդ երկրպագուհու տան հեռախոսահամարը: Մի քանի օր անց նա զանգահարում է Մարգարիտային ու ներողություն խնդրում: Հաջորդ խաղից հետո նրան նաև իր մարզաշապիկն է նվիրում.

«Պանտիչը ոչ միայն հիանալի խաղացող է, որը տուգանայիններն ու անկյունայիններն իրացնում էր այնպես, ինչպես ոչ ոք, այլև հիանալի մարդ էր: Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել բարոյական այդպիսի արժեքներով»,- նշում է Մարգարիտան:

Այդ ժամանակից ի վեր «Աթլետիկոյի» յուրաքանչյուր տնային խաղի ժամանակ՝ անկյունային դրոշակի մոտ, 24 մեխակ է դրված՝ 12 կարմիր, 12 սպիտակ: Այս գեղեցիկ ավանդույթն արդեն 24 տարվա պատմություն ունի, իսկ Մարգարիտան այլևս կարիք չունի ծաղիկները նետելու, քանի որ նրան հարգալից կերպով թույլ են տալիս դաշտ մտնել:

Անկյունային դրոշակի մոտ դրվող մեխակները սկզբում «Վիսենտե Կալդերոնի», իսկ այսօր արդեն «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի համար առանձնահատուկ արժեք ունեն:

Մի անգամ Ռոբերտո Կառլոսը նյարդայնացած մի կողմ է նետել ծաղկեփունջը՝ այն որևէ ավելորդ իր համարելով,բայց տրիբունաներն այնպես են սկսել սուլել, որ բրազիլացին ստիպված է եղել բարձրացնել ձեռքն՝ ի նշան ներողության:

(Visited 49 times, 1 visits today)