Թող սաղ թալանչիները իրենցից քաղաքական դեմքեր չսարքեն, ոչ էլ հիվանդանան. Աշոտ Աղաբաբյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին

«Գործ տվողն ինքն ա ու իրա Սերժի կողքը եղած մյուսները: Ես իրա հետ ոչ մի կապ չունեմ: Թող ավել-պակաս չխոսա»,- Առաջին լրատվականի-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցին և իր հասցեին հնչած մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը արդեն «Երկիր մեդիայի» եթերում հարցազրույցի ժամանակ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ ասել է. «Մի անձնավորություն կա՝ Աշոտ Աղաբաբյան, որն իրեն Բուռնաշ է հռչակել, կեղծ մատնություն է արել: Եթե մեր դատախազությունը չապացուցի, որ ես դա արել եմ, ապա պետք է գոնե առնվազն կեղծ մատնության համար Բուռնաշի դեմ քրեական գործ հարուցել: Նա ինձ մեղադրում է նրա մեջ, որ ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիա-Հայաստան խաղից առաջ գումարներ է հատկացրել «Հրազդան» մարզադաշտի նորոգման համար, և ես այդ գումարները յուրացրել եմ: Բայց ամբողջ աշխարհը գիտի, որ ՈՒԵՖԱՆ-ն որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: ՈՒԵՖԱ-ն որևէ կոպեկ չի տվել «Հրազդան» մարզադաշտի նորոգման համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ մարզադաշտը հանդիպումից առաջ պետք է նորմալ տեսք ունենա: Դրա համար հանդիպել եմ Աղաբաբյան Աշոտին և նրան առաջարկել եմ, որ մենք նորոգումներ ենք անում, իսկ իրենք 20 տարով անհատույց մարզադաշտը տալիս են հավաքականի խաղերին: Պայմանավորվել ենք, և ես զուտ ֆեդերացիայի սեփական գումարներով վերանորոգել եմ, կարգի եմ բերել մարզադաշտը: Մնացածը սուտ մատնություն է այդ տխրահռչակ անձնավորության կողմից»,- իր հարցազրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը:

«Ես չգիտեմ՝ ինքն ինչքան գումար է յուրացրել: Ես գիտեմ, որ մենք պայմանագիր ենք կնքել 20 տարով, որ Հայաստանի հավաքականը պետք է «Հրազդան» մարզադաշտում անվճար խաղա, իսկ իրենք պետք է ներդրումներ անեն այստեղ: Իսկ թե այդ ներդրումների ժամանակ ինքը ինչ է յուրացրել՝ ես չգիտեմ: 6-րդ վարչությունը եկել ստուգել է նրա ներդրումների փաստերը: Հիմա ես ինչ կապ ունեմ 6-րդ վարչության ստուգումների, քրեական գործի հետ: Այդ վարչութոյւնը մտավ նաև իրա տուն, դրանից հետո իրավունք չունե՞ր գար «Հրազդան» ստադիոն՝ իրա աշխատանքները ուսումնասիրեր: Ես ի՞նչ կապ ունեմ, ստադիոնի դռները փակեի, ասեի՝ չէ, չմտնե՞ք»,- Հայրապետյանին հակադարձում է Աղաբաբյանը:

«Հրազդան» մարզադաշտի սեփականատերը նշեց, որ «Հրազդան» մարզադաշտում ստուգումները եղել են մեկ շաբաթ առաջ, և ինքը ոչ մի տեղեկություն չունի, չգիտի, թե իրավապահները ինչ են հայտնաբերել ակտերը ստուգելիս. «6-րդ վարչությունը եկել է, ասել է, որ ուզում են առկա ակտերի համաձայն կատարված աշխատանքները ստուգել: Ես էլ ասել եմ՝ գնացեք նայեք: Մնացածից տեղյակ չեմ: Մենք ասել ենք միայն, որ այն ժամանակ եկել են, աշխատանքներ են արել, մեզ ոչ ոք փող չի փոխանցել, ոչ մի կոպեկ: Մենք HSBC բանկից Թուրքիայի հետ խաղից առաջ վարկ ենք վերցրել, նորոգումներ արել, իսկ իրենք 2012 թվին են եկել, պայմանագիր կնքել: Մնացած ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ընդգծեց Աղաբաբյանը՝ հավելելով, որ Հայրապետյանը հավանաբար ինչ-որ քավության նոխազ է փնտրում և որոշել է իր վրա կանգ առնել. «Բայց ավելի ճիշտ՝ նա ընդամենը խուճապի մեջ է, քանի որ վախկոտի մեկն է: Նա պատերազմի մասնակից չէ՝ ոնց փորձում է ներկայացնել, և դա արդեն հերիք է: Ինքը ով է, որ ինձ հետ համեմատվի»:

Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ ինքը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ոստիկանոթւյան 6-րդ վարչությունում, իրեն հարցրել են՝ ներդրումներ արվե՞լ են «Հրազդան» մարզադաշտում, ինքն էլ պատասխանել է՝ այո, ինչ արվել է, դրա վերաբերյալ ակտերը կան: Մասնավորապես, հողածածկ է փոխվել, պահուստային դաշտ է ստեղծվել, հանդերձարաններն են նորոգվել, լուսատախտակների լույսերն են նորոգվել: «Դրանք հաստատված փաստ են, քանի որ երբ մենք սնանկ ճանաչվեցինք, իրենք դարձան պահանջատեր, և դատարանը որոշեց, որ ոչ թե 750 միլիոնի ներդրում է կատարվել, այլ 280 միլիոնի, 400-ից մի քիչ ավելի պահ է տրված: Հիմա ինքը ցայտնոտի մեջ՝ ինչ-որ բաներ է խոսում: Մենք ոչ մի բացատրություն չենք տվել, թե ինչը ոնց է արվել: Արվածի վերաբերյալ ակտեր կան, և մենք այդ ակտերն ենք ցույց տվել: Հիմա իրավապահները ստուգել են, թե արդյոք այդ ակտերը իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ թե ինչ են պարզել՝ ես դրանից տեղյակ չեմ»,- ասաց Աղաբաբյանը:

Աշոտ Աղաբաբյանի համար զավեշտալի է, որ Ռուբեն Հայրապետյանը իր հետ կապված քրեական գործին փորձում է քաղաքական հետապնդման ենթատեքստ հաղորդել, հայտարարել, թե պատվեր է իջեցված իր հետ կապված և այլն: «Թող սաղ թալանչիները իրենցից քաղաքական դեմքեր չսարքեն, ոչ էլ հիվանդանան: Չի բացառվում, որ մի քանի օրից Հայրապետյանն էլ հիվանդանա, դրսում հետազոտվելու անհրաժեշտություն առաջանա: Տո քաք եք կերել՝ գնացեք պատասխան տվեք: Ռուբեն Հայրապետյանը շատ պուճուր մարդ է ինձ վիրավորելու համար: Թող ինքը նախ իմանա՝ իր ծագումը որտեղից է, իմ ծագումը՝ որտեղից: Ինքը ծագում չունեցող տղա ա: Ինքը 90-ականներից հետո ինչ-որ քչփորված հայտնություն է, գործ տվող հայտնություն, որը եկել Սերժին ընկեր ա դարձել»,- եզրափակեց Աշոտ Աղաբաբյանը:

Նշենք որ Ռուբեն Հայրապետյանն ու Աշոտ Աղաբաբյանը թեև նախկինում մշտապես նույն կուսակցությունից են եղել, սակայն հակառակորդներ են եղել: Նրանց կոնֆլիկտը պայմանավորված է եղել հենց «Հրազդան» մարզադաշտով:

Նշենք, որ քննչական մարմինները դեռևս չեն հաղորդում, թե կոնկրետ ինչ քրեական գործի մասին է ներկայումս խոսքը, և ինչ հոդվածներ են առաջադրված:

(Visited 47 times, 1 visits today)