Թշնամուս չէի ցանկանա, որ լիներ Նիկոլի տեղը․ Ուզում ես գրկել, ասել՝ տղա՛ ջան, պի՛նդ եղիր. Բանաստեղծ Հուսիկ Արա

Թշնամուս չէի ցանկանա, որ այսօր Հայաստանի ղեկավար լիներ.Նիկոլին մեկ-մեկ քննադատում ես, մեկ-մեկ՝ խղճում,մեկ-մեկ ուզում ես գրկել,ասել՝ տղա՛ ջան, պի՛նդ եղիր.Բանաստեղծ Հուսիկ Արա.

Բանաստեղծ Հուսիկ Արան պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին

– Մտավորականի հայացքով, խնդրեմ, ասեք՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում։

– Էդ վիրուսը իսկապես պատերազմ է հայտարարել Հայաստանին, սկզբում՝ ամբողջ աշխարհին, հիմա էլ՝ մեր երկրին։ Հիմա, գիտեք, միավորվելու ժամանակն է, միավորվելու պահն է, պայքարենք ու փորձենք դուրս գալ այս վիճակից։

– Չե՞նք միավորվում։

– Չէ, շատերը շահարկում են, քաղաքականացնում են։ Գիտե՞ք ինչ, այնպես չէ, որ գոհ ենք այս իշխանություններից, որին ընտրել ենք արդեն երկու տարի։ Թերություններ, բացթողումներ շատ կան, բայց այսօր այդ պահը չէ, որ դրանք շահարկելով քաղաքական աստառ տանք․․․ Մարդիկ են մեռնում, ամեն օր միջինը տասից ավելի զոհ ենք ունենում այդ վիրուսի պատճառով։ Ո՞նց կարելի է կանգնել դրա վրա քաղաքական դիվիդենդներ շահել։

– Ովքե՞ր են շահարկողները։

– Ե՛վ խորհրդարանական, և՛ ոչ խորհրդարանական ընդդիմությունը, հիմնականում՝ քաղաքական ուժերը, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Լավ բան է, ընդդիմությունը պետք է քննադատի, բայց այսօր այդ պահը չէ։ Շատ տհաճ է, որ կանգնում են այս իրավիճակում հայտարարում, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա։

Վերջին հարյուրամյակում Հայաստանի պատմության մեջ բազմիցս են եղել ծանր պահեր, երբ բոլորը միավորվել են։ Սա ծանր պահ է։ Կանցնի, թող բոլորն էլ իրենց շահարկումն անեն, իրենց գիծը առաջ տանեն։Մի կողմից վիրուսն է, մյուս կողմից՝ համընդհանուր տհաճությունը։ Միայն ես չեմ այսպես մտածում, ժողովուրդն է նաև այդպես մտածում, ես շատ եմ շփվում մարդկանց հետ, նրանք նույն մտահոգությունն ունեն։ Լավ, այսօր, ընդունենք՝ իշխանությունը հրաժարական է տալիս, ի՞նչ է լինելու։
– Գուցե նրանք չեն ուզում կորցնել իրենց վերադառնալու շանսը։

– Նրանք երազախաբ վիճակում են, երազախաբության մեջ են, նախկինը չի վերադառնալու, և նախկինի հետ որևէ առնչություն ունեցած քաղաքական ուժերը, որոնք թեկուզ այսօր էլ ասպարեզում են, խորհրդարանում են, չեն կարող վերադառնալ։ Մեր ժողովրդին ուղղակի չեն ճանաչում։ Ժողովուրդը դուրս է եկել, նրանց մերժել է։ Բոլորս միասին դուրս ենք եկել, մերժել ենք։ Նախկինը վերադարձ չի ունենալու։

(Visited 57 times, 1 visits today)