«Ընդունել են օրենք, որի միջոցով գովազդային ամբողջ շուկան սղղացրել են Միշիկի գրպանը». Արթուր Մանուկյան

«Կարծում եմ, որ այս օրենքն այն մասին է, որ Հանրային հ/ը համար ստեղծում ենք անհավասար պայմաններ, և ես դրան կողմ եմ: Եթե ժամանակին ստեղծել են օրենքներ, որպեսզի ամբողջ գովազդային շուկան սղա Միքայել Մինասյանի գրպանը, ոնց որ ասում են՝ սղղացնելով մտցրել են գրպանը, այդ հարցը եկեք լուծենք, մենք ինչ ունենք թաքցնելու որևէ մեկից: Այո՛, սիրելի հանրություն ու սիրելի պատգամավորներ, ընդունել են օրենք, որի միջոցով ամբողջ գովազդային շուկան սղղացրել են Միշիկի գրպանը: Հիմա երբ ասում եք՝ հավասար-հավասար, ինձ մոտ դիսոնանս է ստեղծվում: Ես գիտեմ, Ա1+-ում եմ աշխատել, երբ Հ1-ն ուներ գովազդ տալու հնարավորություն, որևէ կերպ չէին կարող մրցակցային դիրք ունենալ». ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Նախատեսվում է նաև, որ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի հեռարձակման մեկ եթերաժամի հաշվով մինչև 5 րոպե տևողությամբ գովազդի հեռարձակման ժամանակային սահմանափակումը չի ներառում հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հովանավորների վերաբերյալ տեղեկություններ նշելու դեպքերը: Բոլոր դեպքերում, հովանավորների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը չպետք է գերազանցի հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը:

(Visited 40 times, 1 visits today)