Երբ կգործի համակարգը առաջին դասարան ընդունվող երեխաների համար

Հայտնի է, որ ԿՏԱԿ-ը մի քանի տեղեկություններ է փոխանցել այս տարի առաջին դասարանի ընդունելության մասին:

Առաջնահերթություն ստանալու են երկու դեպքում.

Առաջին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է կամ առաջին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Սկզբում համակարգը թույլ կտա գրանցել միայն վերը նշված երեխաներին, որից հետո նոր կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում նշված այս երկու պայմաններին:
Մինչև գրանցումը, նախ համակարգը պետք է ստուգի երեխաների ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը) և ծնողների ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը): Եթե ՀԾՀ-ները ճիշտ են և համակարգը հաստատում է բազայում այդ մարդկանց լինելը, ապա հաջորդ քայլով ստուգվելու է արդյո՞ք համակարգը տեսնում է երեխա-ծնող կապը, որից հետո նոր թույլատրելու է երեխային հերթագրել դպրոցի ընդունելության համար:

Գրանցման փուլում խնդիրների չբախվելու և ժամանակ չկորցնելու համար հարկավոր է նախապես համոզվել, որ առկա են ծնողի և երեխայի ՀԾՀ-ն:

Դրանց բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել անձնագրային բաժին: Եթե տվյալ դպրոցում արդեն սովորում է առաջին դասարան ընդունվող երեխայի քույրը կամ եղբայրը, ապա նրանց ՀԾՀ-ն նույնպես պահանջվելու է:

Բացի այդ, հարկ է նշել հնարավոր խնդիրների մասին: Եթե տվյալները ստուգելու փուլում համակարգը չհայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր ՔԿԱԳ-ի տվյալների բազայից), ապա ծնողին առաջարկվելու է կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով ծնողի տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն և ուղղվեն: Այս դեպքում ծնողին անհրաժեշտ է ունենալ նաև երեխայի ծննդականը, ինչպես նաև որոշ անձնական տվյալներ: Հետևաբար, որպեսզի նման դեպքում ծնողը ժամանակ չկորցնի և հասցնի երեխային գրանցել իր նախընտրած դպրոցում մինչև տեղերի լրանալը, անհրաժեշտ է նախապես պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը:

Գրանցման համար համակարգը կգործի հաջորդ շաբաթ: Սակայն բուն գրանցման փուլը կիրագործվի  հունիսին, ինչպես որ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ավելի վաղ նշել էր ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

(Visited 40 times, 1 visits today)