ԵՏՄ-ն, որպես տնտեսական դաշինք, մեզ որևէ առարկայական օգուտ չի տալիս.Արման Բաբաջանյան

 

Իրականում խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան գազի գինն է, որքան դրա միջոցով հայ-ռուսական հարաբերություններին հասցվող հարվածը, հարված, որի հեղինակը ռուսական կողմն է: Այն դեպքում, երբ մենք ոչ միայն պարզապես դաշնակից երկրներ ենք, այլև գտնվում ենք միևնույն ռազմաքաղաքական ու տնտեսական տարածությունում՝ ԵՏՄ-ում ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում: Այս ճգնաժամային օրերին մենք տեսնում ենք, որ ԵՏՄ-ն, որպես տնտեսական դաշինք, մեզ որևէ առարկայական օգուտ չի տալիս, չենք կարող մատնանշել մի օրինակ, երբ, ասենք, Հայաստանի տնտեսությունը պակաս հարվածներ է ստանում այն պատճառով, որ մենք ԵՏՄ անդամ ենք: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այն ինչպես նախկինում, այնպես էլ ու, առավել ևս, այսօր շարունակում է իր անդեմ, ամորֆ քաղաքականությունը՝ չկատարելով Հայաստանի նկատմամբ իր պայմանագրային պարտավարությունները: Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը կրակահերթեր արձակեց Տավուշի շրջանի հայկական բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվեցին 14-ամյա երեխա և երկու զինծառայող: ՀԱԿՊ-ից, սակայն, մենք չլսեցինք Ադրբեջանին ուղղված գոնե դատապարտող հայտարարություն, առավել ևս՝ չտեսանք որևէ առարկայական գործողություն: Ու ստացվում է, որ մենք ռազմավարական դաշնակցություն ունենք մի երկրի հետ, հանուն որի անդամակցել ենք նրա իսկ շահերի բավարարմանն ուղղված ռազմաքաղաքական ու տնտեսական միություններին, որոնցից, սակայն, որևէ էական օգուտ չենք ստանում: Սա մեզ համար առնվազն մտորելու տեղիք պետք է տա: Մենք այսօր պետք է գույքագրենք այս իրադարձությունները՝ անհրաժեշտության դեպքում մեր արտաքին քաղաքականության մեջ վերանայումներ, փոփոխություններ կատարելու համար: Կորոնավիրուսի համավարակը արմատական, սկզբունքային փոփոխություններ է հանգեցրել ու դեռ հանգեցնելու աշխարհում, միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ ընդհանրապես: Այս ճգնաժամային պայմաններում բոլոր երկրների համար զատորոշվելու են իրական բարեկամներն ու դաշնակիցները, դա վերաբերում է նաև Հայաստանին: Չեմ բացառում, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո մենք ստիպված լինենք վերանայելու մի շարք ուղղություններով վարվող մեր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում:

(Visited 54 times, 1 visits today)