Եկեք, ապացուցեք, որ այդ գումարը կա, եւ մենք իրոք այդ գումարը չենք ուզում բաժանել․ Թունյանը՝ «Լուսավոր Հայաստանին»

Ես «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին վաղը հրավիրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ թղթով, գրիչով եւ համակարգչով, ու խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որը ազատ դրված է այնտեղ ու կարելի է բաժանել ժողովրդին։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ եթե այդ գումարը կա, եւ իրենք չեն բաժանում, որ մարդիկ կարողանան սնունդ կամ դեղ գնել, նշանակում է, որ իրենք ժողովրդի թշնամին են։ «Եկեք ապացուցեք, որ այդ գումարը կա, եւ մենք իրոք այդ գումարը չենք ուզում բաժանել, որովհետեւ երբ նայում ենք մի քիչ ավելի քաղաքական տեսանկյունից, հավատացեք, որ այդ գումարն այս պահին բաժանելն առաջին հերթին Կառավարության շահերից կբխի։ Կարելի էր այսօր ինչ կա բաժանել՝ որպես սոցիալական օգնություն, լավամարդ դուրս գալ, 2 ամիս կամ 1 տարի հետո կանգնել փաստի առաջ»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ որքան էլ քաղաքական շահերը գերակայեն, պետք չէ ասել բաներ, որոնք մասնագիտական առումով որեւէ քննադատության չեն դիմանում։

Նա նաեւ ներկայացրեց, որ միայն սոցիալական միջոցառումներով դրամական աջակցություն այս պահին ստացել է ավելի քան 380 հազար մարդ։ Նրա խոսքով՝ սրան պետք է գումարել կոմունալ ծախսերի փոխհատուցումները, թիվն ավելի մեծ կկազմի։ Թունյանը նաեւ շեշտեց, որ շուրջ 300 ընկերություն վարկավորում է ստացել առաջին միջոցառմամբ, երկրորդ միջոցառմամբ շուրջ 5000 հոգի գյուղատնտեսական վարկ է ստացել, երրորդ միջոցառմամբ՝ 400-ից ավելի ընկերություն, հինգերորդով, որը աշխատավարձի ֆոնդի մոտ 20%-ի չափով միանվագ աջակցություն է տրամադրում, այս պահին 12 հազար ընկերություն է սուբսիդավորվել, տասներորդ միջոցառմամբ 3000 միկրոբիզնեսի սուբյեկտ է վարկավորվել, եւ ութերորդ միջոցառումը, որով վարձու աշխատողներին 68-136 հազար դրամի աջակցություն է տրվում, մոտ 44 հազար տնտեսվարողի աջակցություն է տրվել։ Թունյանը նշեց, որ բնավ չի ասում, թե սա շատ է, կամ քիչ է, կարծիքները կարող են տարբեր լինել։

(Visited 30 times, 1 visits today)