Բաջաո ցեղ,որոնց անվանում են նաև ծովային գնչուներ,ապրում են միայն ջրի վրա և ցամաք չեն բարձրանում

Ձուկ-մարդիկ կամ ծովային գնչուներ. այսպես են անվանում բաջաո ցեղին, որը միակն է աշխարհում, որ ապրում է միայն ջրի վրա ու երբեք չի բարձրանում ցամաք։ Ցեղը հիմնականում առանձնանում է իր տարօրինակ ջրային ապրելակերպով, որը շոկային է ցամաքում ապրող շատ մարդկանց համար։

Իրականում նշել, որ ցեղը երբևէ չի եղել ցամաքում ու չգիտի, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, մի փոքր սուտ կլինի, որովհետև ցեղի տղամարդիկ երբեմն-երբեմն բարձրանում են ցամաք, որպեսզի տների ու նավակների համար կարողանան փայտ հայթայթել։ Սակայն նրանք նախընտրում են ապրել ջրում, ու սա նրանց ապրելակերպն է։ Ջուրը դարձել է նրանց կյանքի հիմնական ու միակ աղբյուրը։

Ինչպե՞ս են սնվում ցեղի ներկայացուցիչները։ Նրանք սնվում են հիմնականում ծովամթերքով։ Սա օգնում է ցեղի անդամներին բավականին առողջ մնալ։ Նրանք որսում են ձուկ տարատեսակ մեթոդներով ու պատրաստում այն իրենց, այսպես կոչված, տներում կամ տնային նավակներում։ Որոշ բաներ նրանք բերում են նաև ցամաքից, օրինակ՝ ջուրը, որը պահում են հատուկ պահեստներում, քանի որ այն գնում են փողով։

Հիմնականում ցեղում աշխատում են ձկնորսությամբ։ Ձկնորսությունն օգնում է, որ նրանց գոնե գումար վաստակեն տարբեր իրերի կամ, ասենք, դեղամիջոցների համար։ Սակայն ցեղը բավականին նյարդայնացնում է ցամաքային մարդկանց։ Նախ, որովհետև նրանք չեն պատկանում ոչ մի պետության։ Նրանց մե՛կ տեսնում ես Ֆիլիպինների, մե՛կ ինչ-որ թերակղզու ափին։ Սա թույլ չի տալիս հասկանալ, թե, ի վերջո, որտեղ են նրանք հիմնականում ապրում։ Բացի այդ՝ սահմանապահները զզվել են նրանից, որ ցեղը հատում է պետությունների սահմանն առանց որևէ փաստաթղթի։ Նրանք չգիտեն՝ կանգնեցնե՞լ նրանց, թե՞ ձերբակալել, քանի որ ցեղը, մեկ է, կորցնելու ոչ մի բան չունի։

Բացի այս ամենից՝ ցեղը անտանելի ազդում է բնապահպանների նյարդերի վրա։ Նրանց ձուկ որսալու ձևերը տարիների ընթացքում բացասական էվոլյուցիա են ապրել։ Եթե նախկինում նրանք պարզապես որսում էին ձուկը ձկնորսական պարագաներով, ապա հիմա նրանք օգտագործում են պայթուցիկ ու վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում բնությանը։ Բնապահպանները միշտ ահազանգում են այս վնասների մասին, սակայն ցեղը ուշադրություն չի դարձնում։

Բժիշկները, համենայն դեպս, նշում են, որ այս մարդիկ յուրահատուկ են։ Շնորհիվ իրենց ձևափոխված օրգանների՝ նրանք կարողանում են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե, ինչն աննախադեպ է մարդու համար։ Նրանք նաև ունեն թույլ լսողական համակարգ, որը գալիս է նրանից, որ նրանք շատ են սուզվում։ Այսինքն՝ բնությունն այս մարդկանց ամբողջովին դարձել է ջրային մարդ ու դրա համար ոչինչ չի խնայել։

(Visited 144 times, 1 visits today)