Արթուր Էդմունդ Քեյրվի. Առաջին հայն ամերիկյան Բրոդվեյում

Image result for Արթուր Էդմունդ Քեյրվի"

Արթուր Էդմունդ Քեյրվի ոչ հայեցի դերասանական կեղծանվան ներքո հայկական ինքնությամբ անձ է` Հովսեփ Հովսեփյան, ժամանակին Բրոդվեյի ականավոր դերասաններից մեկը, ամերիկյան համր-ֆիլմերի աստղերից։ Շատ աղբյուրներ վկայում են, որ Հովսեփյանն առաջին հայ դերասանն էր, որը խաղացել է հռչակավոր Բրոդվեյում։

Ծնվել է Տրապիզոնում 1884 թ-ին, երիտասարդ տարիքում կորցրել հորը, որը հաջողակ բանկիր էր։ Համիդյան ջարդերի կիզակետին մայրը երկու որդիների` Արտաշեսի և Հովսեփի հետ փոխադրվեց Միացյալ Նահանգներ, որտեղ Հովսեփն այցելեց արվեստի դպրոցներ նախ Վաշինգտոնում, ապա` Նյու Յորքում։ Ինչպես փոխանցում է Բոստոնի հայկական Արմինիըն Միրըր Սփեքթեյթըրը, երբ 1904-ին, Նյու Յորքի թատերական ակադեմիան ավարտելով, նա սկսեց խաղալ Բրոդվեյում, պարզվեց, որ հայկական անուն-ազգանունն այդ օրերի Բրոդվեյի համար ընդունելի չէին։ Մինչև այսօր հստակ չէ, թե 1910-ին նա ինչու ընտրեց հատկապես Արթուր Էդմունդ Քեյրվի ստեղծագործական անունը։ Հնարավոր է դրանք իր խաղացած դերերի անձնանուններն էին։ Ուշագրավ է, որ նույնպես 1910թ-ին Բրոդվեյում աշխատող դերասան Ջոն Ֆոքսն ընտրեց Էդվին Քեյրվի ստեղծագրոծական անունը։ Ինչպես նշում են կենսագիրները, Քեյրվին Ֆոքսի խաղացած կերպարներից մեկի ազգանունն էր

Armenian Mirror Spectator ներկայացնում է մեր հայրենակցի կենսագրական մանրամասները. Հովսեփյան-Քեյրվին ամուսնացել է 1915 թ-ին սոպրանո երգչուհի Իրեն Պավլովսկայի հետ։ Համատեղ կյանքը շատ երկարատև չէր, 1921թ-ին նրանք բաժանվեցին։ Երբ ամերիկյան քաղաքացիություն էր ընդունում «ծննդավայրը» սանդղակում ամերիկյան պաշտոնյաները գրեցին Turkey Armenia անորոշ ձևակերպումը` չիմանալով ինչպես ներկայացնել Տրապիզոն քաղաքը։

Ամերիկյահայ դերասանն էկրանին 50-ի չափ դերեր է խաղացել։ 1922թ-ին, կոմերցիոն առումով մեծ հաջողություն գրանցած «Հայրիկը» ֆիլմում, նա խաղաց 6-ամյա Ջեկիի հոր դերը։ Իսկ Ջեկիի դերում Ջեկի Կուգանն էր, որն աշխարհում հատկապես հայտնի է Չարլի Չապլինի հետ «Փոքրիկը» ֆիլմում դերակատարմամբ։ Հայերիս համար Կուգանը մեկ այլ մեծ գործ է արել. մանուկ-դերասանը  դրամահավաք էր կազմակերպում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներին օգնելու համար ու մի անգամ մեկնել է Հունաստան` մարդասիրական օգնությունը բաժանելու։

Իսկ 1926 թ-ին նկարահանված «Տորենտ» ֆիլմում Քեյրվին խաղում էր Գրետա Գարբոյի հետ։ Նախորդ դարասկզբին Միացյալ Նահագներում արևելյան երկրներից, աֆրիկյան աշխարհամասից և նույնիսկ Ռուաստանից սերող դերասաններ առանձնապես չկային ։ Հոլիվուդի ռեժիսորները բացը լրացնելու համար հաճախ էին դիմում հայ դերասանների օգնությանը։ Անձամբ Քեյրվին մի շարք ֆիլմերում խաղաց ռուս ազնվականների, պարսիկի, արաբի կամ տուվառեգ ցեղի առաջնորդի դերերը։

1931 թ-ին, վատթարացող առողջականի պատճառով նա մերժեց կոմս Դրակուլայի դերը խաղալ Բրեմ Ստոկերի «Դրակուլա» ֆիլմում։ Մինչև Քեյրվին տեղեկացավ, որ առողջական պատճառներով այլևս երբևէ չի կարողանալու նկարահանվել, կինոմատոգրաֆ մուտք գործեց ձայնը։ Այնպես որ իր խաղացած վերջին դերերում կարող ենք լսել մեր հայրենակցի խոսքն ու գուցե նշմարել որոշակի հայկական առոգանություն։

Մի անգամ , երիտասարդության տարիներին, մի աղջկա ուշադրությունը գրավելու համար Քեյրվի-Հովսեփյանը կեղծ ինքնասպանություն էր բեմականացրել։ Այս թեման ժամանակին Նյու Յորքում բավական աղմուկ բարձրացրեց։ 1937 թ-ին, երբ պարզ դարձավ, որ առողջական վիճակը ֆիլմում նկարահանվել իրեն այլևս չի թողնելու, Արթուր Քեյրվյուն մեքենան քշեց մի կայանատեղի ու կրակոցով վերջ տվեց իր կյանքին։ Նա 31 դոլարի չեք էր թողել ` փոխադրամիջոցն իրենից հետո կարգի բերելու համար։

Որոշ աղբյուրներ պնդում են, թե 1996 թ-ին ամերիկյան մի սոցհարցմամբ Արթուր Էդմոնդ Քեյրվին ճանաչվել է ամերիկյան համր ֆիլմի տասը լավագույն դերասաններից մեկը։

(Visited 93 times, 1 visits today)