Սխալ էր սահմանափակումներ մտցնելը. Վարակը կառավարելու ելքն այլ տեղ է

Պարոն Մանասյան, վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի օրական թվերն ավելացել են, բայց չնայած դրան կառավարությունը մայիսի 4-ից չեղյալ է անում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները: Արդյոք ճիշտ քայլ է դա:

Ես կարծում եմ՝ սխալ էր սահմանափակումներ մտցնելը: Փորձը ցույց տվեց, որ ոչինչ հիմնահատակ չփոխվեց դրանից, պրոբլեմը շարունակում է գոյություն ունենալ: Եվ պրոբլեմի լուծումը ոչ թե դրանից խուսափելն է, այլ դա կառավարելը: Կառավարիչները կլինեն լավը, կլինի լավ կառավարում, կառավարիչները կլինեն անպետք ու ապաշնորհ` կլինի վատ կառավարում: Իսկ դա կստուգենք մահերի քանակով: Եթե շատ-շատ մահեր եղան, այսինքն՝ օրական մի քանի տասնյակ, դա վատ է:

Այսօր Հայաստանում օրական միջինում 15 մահ է գրանցվում քաղցկեղից: Դա վատ կառավարման հետևանք է, բայց այդ հարցը ոչ ոքի հիմա չի հուզում: Բոլորը հետաքրքրված են կորոնավիրուսով: Եթե օրական 15 մահ կունենանք կորոնավիրուսից, դա կլինի վատ կառավարում, չենք ունենա՝ կլինի լավ կառավարում: Այս քայլով ոչ թե պետք է թույլ տալ, որ պրոբլեմը տարածվի, այլ սա այսօրվա դրությամբ առանց պատվաստանյութի և առանց դեղերի միակ խելամիտ քայլն է՝ իմունիզացված բարիերներով խնդիրը սանձել: Այլ տարբերակ բժշկագիտությունը չունի, բացի իմունիզացված բարիերով խնդիրը լուծելը:

Այսինքն՝ մարդիկ այսպես թե այնպես պետք է վարակվե՞ն:

Այո, մարդիկ այսպես թե այնպես պետք է հիվանդանային, ըստ կանխատեսումների՝ մեկ տարի և ավելի ժամանակահատվածում: Հիմա հնարավորություն կա այդ ժամկետները կրճատել, մի քանի ամսում պրծնել այս հարցից, գոնե այս հարցի օրհասական զարգացումներից պրծնել: Հետագայում էլ կլինեն դեպքեր, բայց օրհասական զարգացումներից ազատվելու համար պետք է մտնել այդ պրոբլեմի մեջ: Եթե մարդիկ չեն ուզում, որ շատ մահեր գրանցվեն, պետք է տարեցներից և խրոնիկ հիվանդություններ ունեցողներից հեռու մնան: Տարեցներն ու խրոնիկ հիվանդներն էլ պետք  է գնան ինքնամեկուսացման:

Եթե վաղը գրանցվեն շատ մահեր, նշանակում է տարեցներին և խրոնիկ հիվանդներին ոչ կառավարությունը կարողացավ բան բացատրել, ոչ էլ իրենց երեխեքն ուզեցին խնայել, գնացին ու անխնա ջարդ արեցին: Եվ ոչ ոք թող վաղը մյուսին չմեղադրի, եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Գրագետ պաշտպանվելու դեպքում պետք չէ, որ բոլորը փակվեն տներում ու դուրս չգան: Պետք է տներում փակվեն մարդիկ, ում մոտ մահացության տոկոսը բարձր է:

Որքանո՞վ է հուսալի խնդիրը թողնել մարդկանց պատասխանատվության դաշտում, հատկապես, որ վարչապետն էլ հայտարարեց, որ եթե ծանր և առանձնապես ծանր դեպքերի թիվն ավելանա, առողջապահական համակարգը միաժամանակ կարողանալու է սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք:

Այդ 1500 կամ 2000 ծանր հիվանդը մեկ օրում չի լինում: Դրանից առաջ լինում է ծանր 500 դեպք: Այդ ծանր 500 դեպքը կարող են սպասարկել: Բայց այսօր իրենք ի՞նչ են անում, թեթև հիվանդներին տուն ուղարկելու փոխարեն տանում հոսպիտալացնում են, պետական բյուջեի հաշվին կերակրում, իբր թե բուժում են: Բայց դրան զուգահեռ մեկ ուրիշը հոսանքի ու գազի փող չունի, գալիս անջատում են: Չհասկացա, այդ թեթև հիվանդը, որ պետք է ցավազրկող խմեր ընդամենը, այդքան կարևոր է, իսկ այն ընտանիքը, որը զրկվեց հոսանքից, կարևո՞ր չէ: Դու բյուջեի գումարը տանում տալիս ես առողջ մարդուն, ով ընդամենը վիրուսակիր է: Այդ քայլի արդարությունն ու խելամտությունը որտե՞ղ է:

Ասացիք՝ օրական Հայաստանում քաղցկեղից 15 մարդ է մահանում: Կարծես կենտրոնացել են կորոնավիրուսի հետևանքով մահերը կանխարգելելու հարցի վրա, բայց տարիներ շարունակ ծանր հիվանդությունները կանխարգելող ծրագրեր չեն եղել Հայաստանում: Ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը:

Քաղցկեղից այսօր օրական գրանցվող մահերը հնարավոր է կանխարգելել, եթե ոչ ամբողջ ծավալով, գոնե զգալի չափով: Բայց այն ժամանակ, երբ իրենց այդ մասին հարցնում էինք, ասում էին՝ փող չկա, պետության բյուջեն ու հնարավորությունները չեն ներում: Բայց պետությունը կարող էր ինչ-որ զրկանքներ կրել, գումարներ գտնել՝ իր քաղաքացիների կյանքը փրկելու համար:

Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ այսօր այդ մարդիկ չեն մտահոգվում քաղցկեղից մահացողների համար, բայց խիստ մտահոգվում են կորոնավիրուսով պրակտիկորեն առողջ դեպքերի համար: Պատճառն այն է, որ տեղեկատվական քարոզն ու մեդիան այդպիսի հիպնոզի է ենթարկել մարդկանց: Մահը մահ է, ի՞նչ տարբերություն, եթե դուք իրոք սրտացավ եք մարդկային կյանքեր փրկելու համար, ուրեմն եկեք մարդկային կյանքեր փրկենք բոլոր հիվանդություններից: Այնպես չէ, որ այդ վարակը այսօր կա, ևս 100 տարի լինելու է, բայց քաղցկեղը 100 տարի լինելու է:

Այսինքն՝ եթե ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ծրագիր իրականացվի, մահացության թվերն էական կնվազե՞ն:

Իհակե, և միայն թվերը չեն իջնելու, ծախսերն են իջնելու, արդյունավետությունն է բարձրանալու: Հայաստանում երրորդ-չորրորդ փուլում են հայտնաբերում քաղցկեղը, ահռելի թվեր են ծախսում այդ հարցը լուծելու համար: Իսկ կանխարգելման դեպքում մինիմալ ծախսերով կստանանք 100 տոկոս լավացում: Եվ սա այսօր թողել են ու կորոնավիրուսով են զբաղված:

(Visited 38 times, 1 visits today)