Արձանագրվել է կարմրուկի դեպք, նախանշանների դեպքում դիմել բժշկի

Image result for կարմրուկ

Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

(Visited 40 times, 1 visits today)